Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը

Ավանդական՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ այսօր մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Ծիրանօրհնեքին կհաջորդի «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում՝ Ս. Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացման արարողությունը, այնուհետև, կցուցադրվի փառատոնի բացման ֆիլմը` Ս. Փարաջոնվի «Նռան գույնը»:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հուլիսի 13-20-ը անցկացվող «Ոսկե ծիրանը» այս տարի կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում, հաղորդում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Կկայանան միջազգային հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն անվանի կինոգործիչներ Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Ցզյա Չժան-կեն: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում ընդգրկված են նաև Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլլերը, Ադամ Միխնիկը, ինչպես նաև Աննա Մուգլալիսը, Քրիստիան Բերգերը:

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրվում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր:

Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրերով. մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Մրցութային ծրագրում ընտրված է շուրջ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը «Միջազգային խաղարկային», 12-ը` «Միջազգային վավերագրական», 18-ը` «Հայկական համայնապատկեր», (որից 7-ը` լիամետրաժ խաղարկային, 6-ը` կարճամետրաժ, իսկ 5-ը` վավերագրական) և 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Արտամրցութային ծրագրերը կներկայացնեն ավանդական «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր. Հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:
Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, Պողոսյան այգիներում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց կենտրոնում:

Փառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին, ժամը 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում` ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմի ցուցադրությունով: Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար այցելել փառատոնի պաշտոնական www.gaiff.am կայքէջը:

Տեսանյութեր

Լրահոս