Ծաղկաձորի ճոպանուղում ամեն ինչ թանկացել է, սակայն զբոսաշրջիկների թիվը չի պակասում (լուսանկարներ)
«Մենք ենք մեղավոր՝ ինչի՞ ենք նստում, որ մի բան էլ գին են բարձրացնում»,- Ծաղկաձորի ճոպանուղու հերթի մեջ կանգնած բողոքում էր զբոսաշրջիկ մի կին:
«Ամեն տեղ ժողովրդին «կլպում» են, ամեն ինչն էնքան է թանկացել, սրանք էլ «կյանքից ետ մնացողը չեն»»,- նրա հետ համաձայնեց կողքին կանգած զբոսաշրջիկը:
Ծաղկաձորի ճոպանուղու մեկ կայանով վեր ու վար անելն այս տարի թանկացել է 300 դրամով և անցած տարվա 1500 դրամի փոխարեն յուրաքանչյուրը վճարում է 1800 դրամ: Բայց դա, կարծես, չի ազդել ճոպանուղու հաճախորդների վրա ու իրենց հերթին համբերատար սպասող զբոսաշրջիկների պակաս ճոպանուղում չի զգացվում: Հակառակը՝ աշխատակիցներն ասում են, որ անցած տարվա համեմատ դեռ ավելացել են զբոսաշրջիկները: Ընդ որում՝ արտերկրյա հյուրերին չեն զիջում տեղացիները: Ինչպես ասում են՝ ճոպանուղու սև օրերը, երբ հաճախորդ չլինելու պատճառով այն օրերով ու շաբաթներով անգործության էր մատնված, անցել են:
«Ի՞նչ կարող ենք անել, եթե չթանկացնենք: Կյանքն օրեցօր թանկանում է՝ գազը, ջուրը, շուտով էլեկտրաէներգիան էլ կթանկանա, իսկ մեզ վրա դա մեծ ազդեցություն կունենա»,- մեզ հետ զրույցում փորձեց արդարացնել ճոպանուղու աշխատակիցը:
Կրկնակի թանկացել է նաև ավտոմեքենաների մուտքը ճոպանուղի. անցած տարվա 10 դրամի փոխարեն այժմ վարորդները վճարում են 200 դրամ, իսկ կայանման համար անվճար ժամանակահատված սահմանված չէ: Պահակակետի մոտ գոյացած հերթից վարորդները նույնպես բողոքում են, բայց համբերությամբ սպասում:
«Սովետի ժամանակ 40 կոպեկ էր ճոպանուղին, մուտքն էլ ազատ էր…»,- հոգոցով հիշեց վարորդներից մեկը: