Տարոն Մարգարյանը դիրքեր է այցելել (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:
Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում:Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել հրամանատարներին` հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար:
Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն