Առ այսօր, հայկական կողմերը մի շարք լրջագույն փաստարկներ են անտեսել ու լռության մատնել. Արման Մելիքյան
ԼՂ հարցում չկա որեւէ օբյեկտիվ դրական նախադրյալ, որն առկա ստատուս քվոն քանդելու հիմնավորում է տալիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նա նաեւ նշել է հետեւյալը.
«Երբ խոսվում է ստատուս քվոյի հետագա պահպանման վտանգավորության մասին եւ ասվում է, որ այն վիճակը, որը քսան տարի շարունակ պահպանվել է միջնորդների եւ հակամարտության կողմերի համատեղ ջանքերով, այլեւս հանդուրժել չի կարելի, ապա հասկանալի է, որ շահագրգռություն կա փոխելու առկա իրողությունները:
Ստատուս քվոն փոխելու կողմնակիցներն ասում են, որ այդ իրենց պահանջը պայմանավորված է շուտափույթ կերպով երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ցանկությամբ, որն, անշուշտ գովելի է: Միաժամանակ, պետք է արձանագրել, որ բանակցային գործընթացում մի այնպիսի նոր բան տեղի չի ունեցել, որը կարող էր մոտեցնել հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այսինքն՝ չկա որեւէ օբյեկտիվ դրական նախադրյալ, որն առկա ստատուս քվոն քանդելու հիմնավորում է տալիս: Նշանակում է, որ ստատուս քվոն քանդելու հիմնավորումը, հավանաբար, ամենեւին էլ կապված չէ անմիջականորեն ԼՂ հակամարտության եւ դրա կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի հետ եւ այդ պահանջի դրդապատճառներն այլ են:
Ակնհայտ է, որ դեսպան Ուորլիքի՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ հայկական կողմերին ուղղված պահանջը հարկավոր է դիտարկել Մադրիդյան սկզբունքներ կոչվածի համատեքստում, որպիսիք Հայաստանը ճանաչել է որպես ընդունելի բանակցային օրակարգ: Քանի այդպես է՝ տարածքներ հանձնելու վերաբերյալ պահանջը օրինաչափորեն մշտապես շրջանառելու են: Միաժամանակ, Մադրիդյան սկզբունքները կայուն, երկարաժամկետ եւ փոխընդունելի խաղաղություն հաստատելու համար պիտանի չեն, քանի որ այնպիսի հակասություններ են պարունակում, որոնք հաղթահարելի չեն կողմերի համար: Հարկավոր է մշակել այլ սկզբունքների վրա հիմնված օրակարգ, որն ունակ կլինի առնվազն չհակադրել հակամարտության կողմերի իրավունքները:
Առ այսօր, հայկական կողմերը մի շարք լրջագույն փաստարկներ են անտեսել ու լռության մատնել, ինչի արդյունքում էլ մեզ են հրամցվել այն բանակցային սկզբունքները, որոնց կիրառումը գործնականում կհակասի մեր արմատական, երկարաժամկետ շահերին»: