Բաժիններ՝

Նունե Բակունց. «Զգուշացեք հավաքած սնկերից և տեղում պատրաստվող պաղպաղակից»

Ամառային սեզոնին ամենաբնորոշն աղիքային սուր վարակիչ հիվանդությունների խմբի աշխուժացումն է: Այս սեզոնը շատ բարենպաստ է նման հարուցիչների համար, և դրանց տարածման ուղիներն ավելի բազմազան են դառնում:

Այսօր այս տեսակետը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշեց, որ նախևառաջ՝ շատ կարևոր է ուշադիր լինել անձնական հիգիենայի նկատմամբ, լվանալ ձեռքերն ամեն առիթով և անպայման օճառի օգտագործմամբ, որովհետև աղիքային պաթոգենները հիմնականում ձեռքերի միջոցով և սննդային ճանապարհով են փոխանցվում:
Նա խորհուրդ տվեց շատ ուշադիր լինել այն սննդամթերքի մաքրության նկատմամբ, որը հում ենք օգտագործում.

«Այսինքն՝ այն միրգը կամ բանջարեղենը, որը մենք պետք է օգտագործենք, անպայման պետք է մանրակրկիտ լվանալ խմելու որակի կամ մաքուր անվտանգ ջրով: Առանց լվանալու ոչ մի միրգ կամ բանջարեղեն մի օգտագործեք, նույնիսկ, եթե այն ձեր հողամասում է աճեցված, որովհետև այն բաց երկնքի տակ է, դուք երբեք չգիտեք՝ ի՞նչ կենդանի նրա կողքով վազեց, ինչո՞վ այն ջրվեց»:

Ն.Բակունցը խորհուրդ տվեց ուշադիր լինել՝ ինչպիսի սննդամթերք ենք գնում և որտեղից.

«Ամռանը շատ ավելի կարևոր է դառնում արագ փչացման սննդամթերքի պահպանման ժամկետները և պայմաններն ապահովելը (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձուկ-ձկնամթերք):

Սրանք պետք է պահպանվեն խստորեն՝ սառնարանային պայմաններում, ու դուք պետք է դա գնեք սառնարանային պայմաններից: Նույնիսկ պատրաստի սննդամթերքը մի՛ գնեք բացօթյա տեղերից, եթե այնտեղ ապահովված չեն պայմանները:

Հատկապես ուշադիր եղեք տեղում պատրաստվող պաղպաղակի նկատմամբ, քանի որ այն բարձր կամ ցածր ջերմային որևէ մշակում չի անցնում և կարող է ավելի վտանգավոր լինել: Նույնը վերաբերում է տեղում պատրաստվող ցանկացած ուտելիքի: Նախընտրեք միշտ գործարանային պատրաստված, հերմետիկ փաթեթավորված արտադրանքը, անպայման ուշադրություն դարձրեք դրանց պահպանման ժամկետներին»:

Ն.Բակունցն ասաց, որ շոգի եղանակի ժամանակ օրգանիզմն առանց այն էլ բավական ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի իր ջերմաստիճանը պահպանվի, ուստի, նախընտրելի է օգտագործել հնարավորինս թեթև սնունդ՝ միրգ, բանջարեղեն.

«Աշխատեք օրվա հիմնական, ծանր ուտելիքն ընդունել օրվա զով ժամերին»:

Նա նկատեց, որ այս ընթացքում սունկը բավական լավ է աճում, և սնկի հետ կապված շատ խնդիրներ են ունենում.

«Մարդիկ սիրում են սունկ հավաքել, հետո այդ հավաքած սունկը պատրաստել և ուտել, սակայն դա շատ վտանգավոր է, որովհետև կան ուտելի և թունավոր, ուտելու համար ոչ պիտանի սնկեր, և շատ դեպքերում այդ 2 տեսակն իրարից շատ դժվար է տարբերել: Նույնիսկ փորձառու մասնագետը կարող է սխալվել: Մենք այս տարի, ցավոք սրտի, ունենում ենք սնկից թունավորման դեպքեր, և դրանք բոլորը հավաքած սնկերից են»:

Ամռան այս ամիսներին ունեցել ենք միայն սնկով թունավորման դեպքեր. 12 դեպք՝ 20 տուժածներով:

Ըստ Նունե Բակունցի՝ եթե ձմերուկի ու սեխի կեղևը վնասված չէ, ապա ռիսկի գործոնը շատ փոքր է, որ այն փչացած կարող է լինել, այդ իսկ պատճառով ձմերուկ ու սեխ գնելիս պետք է ուշադրություն դարձնել կեղևին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս