Թեժ քննարկում և «բիզնես շահերի բախում» ԻՏՁՄ արտահերթ համագումարում (տեսանյութ)
Երեկ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԻՏՁՄ) արտահերթ համագումարը, որի օրակարգում ռազմավարության հաստատումն էր: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մանրամասնեց նոր ծրագրերը:
Նրա խոսքով` ռազմավարության նպատակն է տեխնոլոգիական զարգացումը դարձնել տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, որպեսզի Հայաստանը 5 տարի հետո տեղ գտնի ամենաինովացիոն 20 երկրների շարքում. «ԻՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել Բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար` ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով գործարար միջավայրով, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ` իրավական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը կոնսոլիդացնող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Մշակված է ռազմավարական 4 ուղղություն` կրթություն, տեխնոլոգիական ձեռներեցության զարգացում, հայկական բրենդի առաջխաղացում, հարաբերություններ պետության հետ»:
Կարեն Վարդանյանի խոսքով` իրենց մեծագույն նպատակն է կրթական բովանդակության համապատասխանեցումը համաշխարհային լավագույն ստանդարտներին.
«Այս առումով շատ կարևոր է հայաստանյան բոլոր դպրոցները ապահովել ինժեներական լաբորատորիաներով, ստեղծել առցանց համալսարաններ, որպեսզի երեխաները կարիք չունենան մարզերից գալ Երևան, դասախոսների վերապատրաստում, ուսումնառության արդյունավետության բարձրացում, զինվորական ծառայության ընթացքում Բարձր տեխնոլոգիական կրթություն և գործնական կիրառում և այլն»:
Ըստ Կարեն Վարդանյանի` իրենց նպատակների մեջ է մտնում նաև տեխնոլոգիական ընկերությունների քանակի ավելացումը.
«2018 թվականին Բարձր տեխնոլոգիական ընկերությունների քանակը պետք է հասցնել 1300-ի. այս պահին ունենք 500-ը: Մեր ռազմավարության մեջ է մտնում նաև նորաստեղծ ընկերությունների համար ֆինանսական աղբյուրների ձևավորմանը նպաստելը»,-ասաց նա:
Կ. Վարդանյանի խոսքով` կարևորվում է նաև համագործակցությունը Կառավարության հետ.
«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ ԻՏՁՄ-ն Կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը լինի: Մեր նպատակն է Բարձր տեխնոլոգիայի ոլորտը դարձնել տնտեսական զարգացման ազգային ռազմավարության գլխավոր ուղղություն»:
Կ. Վարդանյանը կարևորեց նաև ԶԼՄ-ների հետ հարաբերությունը: Նրա խոսքով` իրենք ամեն շաբաթ մամուլի ասուլիս կհրավիրեն և մարդկանց կտեղեկացնեն իրենց արած-չարածի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին:
Ռազմավարության ներկայացումից հետո, երբ պետք է քննարկում ծավալվեր, և ներկաները պետք է հանդես գային առաջարկներով, սուր բանավեճ ծագեց, որը քիչ էր մնում վերածվեր վեճի: Խնդիրն այն էր, որ «Յունիքոմփ» ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանին դուր չէր եկել ռազմավարության մեջ նշված այն կետը, որտեղ խոսվում է 5 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցներում ինժեներական խմբակներ ստեղծելու մասին և որտեղ նշված են աշխատանքային 5 գործիքներ` ռոբոտաշինություն, «Նաիրի» լաբորատորիա, «Ատելյե Լաբ», «LiveCode», այլn:
Նրանք պնդում էին, որ նշված մի քանի աշխատանքային գործիքների անվանումների փոխարեն (Նաիրի լաբորատորիա, Ատելյե Լաբ, LiveCode) գրվի միայն գաղափարը, քանի որ ռազմավարությունը մշակվել է 5 տարվա համար, և հնարավոր է` ընթացքում փոխվեն գործիքները:
Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանն էլ փորձում էին բացատրել, որ իրենք ցանկանում են աշխատել հենց այդ գործիքներով, իսկ 5-րդ` «այլ» դաշտը հնարավորություն է ընձեռում նոր գաղափարները ևս ներառելու:
Բայց տեսնելով, որ Արմեն Բալդրյանը չի համաձայնում` Կ. Վարդանյանի նյարդերը տեղի տվեցին և նա հայտարարեց, որ Ա. Բալդրյանը պարզապես բիզնես շահի հետ կապված խնդիրներ ունի և ավելի ճիշտ կլինի պարզ ասել, թե որն է իր դժգոհության պատճառը.
«Փաստորեն պարոն Բալդրյանն այստեղ բիզնես շահ ունի, հիմա նեղվումա ու դուզ էլ չի կարողանում ասի. դուզը խոսա, մարդիկ բան հասկանան»:
Թեժ քննարկում ծավալվեց ներկաների միջև: Ի վերջո, որոշվեց քվեարկության դնել Արմեն Բալդրյանի առաջարկը, այն է՝ ռազմավարության նախագծից հանել բոլոր աշխատանքային գործիքների անվանումները և թողնել միայն սահմանումը. «5 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցներում ստեղծել ինժեներական խմբակներ», սակայն ձայների մեծամասնությամբ այդ առաջարկը չընդունվեց և որոշվեց, որ պետք է մնան վերը նշված 5 աշխատանքային գործիքների անվանումները:
Մանրամասները տեսանյութում`