Ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, արդյո՞ք քաղաքապետարանն անհանգստանում է
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Հարցման մեջ ասվում է.
«Վերջերս անընդհատ, տարբեր առիթներով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարում եք, որ լսեն Երեւանի բնակիչների բողոքները, ինչպես վերջերս Դուք հայտարարեցիք, նրանց «դարդերն» համարեն իրենցը, սակայն երեւանցիները տարիներ շարունակ դժգոհում են տարբեր «դարդերից» ու՝ «ձայն բարբառո հանապատի»:
Օրինակ, մամուլում հրապարակված վերջին բողոքն այն մասին էր, որ Խանջյան փողոցի 31 շենքի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են շենքի նկուղում տեղակայված կարաոկե բարի աղմուկից: Ի դեպ նման 12-13 բար կա տեղակայված Խանջյան փողոցի նկուղներում եւ այդ փողոցի բնակիչների դժգոհությունը մեծ է:
Չնայած քաղաքապետարանի կողմից այս բարերն արդեն զրկվել են 24 ժամյա գործունեության թույլտվության լիցենզիայից, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, վիճակը չի փոխվել: Ավելին, նշված հատվածի որոշ հաստատությունների դռներին փակցված վահանակները հուշում են, որ կարաոկեն աշխատում է 24 ժամյա ռեժիմով:
Ճիշտ նույն պատմությունն ու քաշքշուկն է Մաշտոցի պողոտայի «Քամելլոտ» ռեստորանի վերեւի հարկի քաղաքացիների բողոքի դեպքում, որով շուրջ մեկ տարի է, զբաղվում եմ ու հակառակ ջանքերի, բնակիչները շարունակում են բողոքել:
Վերջերս վերջապես «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է աղմուկի չափագրում եւ սույն թվականի հունիսի 30-ին տրվել է փորձագիտական եզրակացություն, որում գրված է, որ ձայնի առավելագույն մակարդակը գերազանցում է սահմանված նորմը:
Ըստ քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկման վարչության պետ պարոն Եդոյանի հայտարարության, եթե նման փաստաթուղթ լինի, ապա արմատապես կվերանայվի ռեստորանի գործունեությունը:
Ներկայացնում եմ այդ փաստաթղթի պատճեն: Նման արձանագրություն կարող է լինել նաեւ Խանջյանի վրայի կարաոկե բարերից դուրս եկող աղմուկի եւ այլ հասցեներում տեղակայված աղմկարար խրախճանքի վայրերի դեպքում:
Կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է ՀՀ կառավարության «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌեւՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 19.07.2007թ.N 962-Ն որոշման մեջ առաջարկի հստակ սահմանել բնակիչների անդորրը չխախտելու մասին պայմանները, որից հետո հայտը բավարարվի: Գործողի կարգի մեջ անհասկանալի ձեւով բացակայում են այդ չափորոշիչները, եւ այդ բիզնեսներից ներկայացված ցանկացած հայտ բավարարվում է:
Ստացվում է, որ այսօր ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, որն անթույլատրելի է ՀՀ օրենքներով եւ վերոնշյալ բիզնեսները փաստորեն խախտում են մեր քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը»,- ասվում է Անահիտ Բախշյանի հարցման մեջ: