«Դուք կանչել, հարցրե՞լ եք Օսիպյանը Շանթի հետ ինչ էր առանձնացել, 7 ժամ խոսում էր». Շանթ Հարությունյան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այսօր ամբաստանյալները հայտարարություններ արեցին քրեական գործում որպես ապացույց կցված տեսագրությունների մասին: Տեսանյութերի զննությունից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկանում է հարց տալ՝ արդյոք ՀՀ-ում ոստիկանությունն օրենքով իրավունք ունի՞ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ կազմակերպել և պաշտպանվել օրենքով: Դատավորի հորդորից հետո՝ դա ճշտել փաստաբանից, Շանթ Հարությունյանն ասաց՝ փաստաբանն իրեն ասել է՝ ոչ ոք նման իրավունք չունի, իշխանության ներկայացուցիչ ոստիկանն իրավունք չունի «պրովոկացիա կազմակերպելու»: Շանթ Հարությունյանն ասաց, որ ոստիկանները, «նպատակային, ծրագրավորված, ելնելով քաղաքական հաշվեհարդարից, պրովոկացիա են սարքել». «Իրենց ընկերներն էլ միակողմանի քննություն են կատարել, իրենք բազմակողմանի, օբյեկտիվ չեն ներկայացնում»: Շանթ Հարությունյանը ներկայացրեց մի քանի դրվագներ նոյեմբերի 5-ի դեպքերից՝ նշելով, որ դրանք հիմնավորում են իր ասածը: «Մի հոգի կա, ես խոսում եմ, ինքը ինձ ասում է՝ այդ ինչու ես հայհոյանք տալիս: Ես իրեն ինչ-որ բան եմ պատասխանում, նա չի լսում, գնում է ու ասում՝ այսքանն էր ինձ պետք: Սա ինձ պետք էր: Ինչու քննիչնները չեն պարզել՝ իրեն ինչու էր դա պետք»,- ասաց Շանթ Հարությունյանը:
«Վալերի Օսիպյանը գալիս, թևս է մտնում, գնում ենք, մենք խոսում ենք միմյանց հետ: Քննիչներն ինչո՞ւ չեն պարզել՝ Օսիպյանն ինձ ինչ է ասել: Ես հիմա կարող եմ ասել, թե ինչ է ասել ինձ, բայց այսպես ասեմ՝ ենթադրենք նա ինձ ասել է՝ Շանթ, հեսա քո գլխին պրովոկացիա ենք սարքում, քեզ էլ այնտեղ սպանելու ենք, երեխայիդ էլ հետը: Օրինակ՝ դուք կանչել հարցրե՞լ եք Օսիպյանը Շանթի հետ ինչ էր առանձնացել, 7 ժամ խոսում էր, թե՞ ծածկադմփոց անելու շահագրգռություն եք հանդես բերել»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ շարունակելով. «Մի խոսքով՝ ակնհայտորեն քրեական մեթոդներ գործադրելով՝ ոստիկանությւոնը պրովոկացիաներ է սաքրել, որի համար, իմ արարքի համար ես նորից եմ կրկնում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էլի եմ անելու»:
Նշենք, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը այս գործով տուժող է ճանաչվել, նա դատակոչի ցուցակում է: