Ասոցացման համաձայնագիրն ամեն դեպքում ազդելու է ՌԴ-ի ու Վրաստանի առևտրային հարաբերությունների վրա. Կարասին
Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Պրահայում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ռուս դիվանագետը հայտարարել է, որ իրենք քննարկել են ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համատեքստում առևտրա-տնտեսական հարաբերությունների հարցը, և վերլուծության է ենթարկվել դրա ազդեցությունը Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա.
«Մեր հայացքները հանընկնում են: Մեզ անհրաժեշտ է բաց և կոնկրետ խոսակցություն, թե դա ինչպես կազդի երկկողմ առևտրային հարաբերությունների վրա: Վերջին մեկ տարում երկու կողմի ջանքերի արդյունքում ռուսական շուկա վրացական արտադրանքի արտահանումն աճել է 4 անգամ, իսկ ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով:
Մենք պետք է լավ վերլուծենք բազում հարցեր, այդ թվում նաև սակագների հարցը: Բնականաբար, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ամեն դեպքում ազդելու է մեր երկու երկրների առևտրային հարաբերությունների վրա: Մենք պետք է կշռենք և գնահատենք ամեն ինչ՝ խուսափելու համար տհաճ անակնկալներից»:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին էլ վրացի և ռուս փորձագետները դարձյալ Պրահայում քննարկել են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների հարցը՝ կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ: