Պարույր Հայրիկյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ասում էր՝ Մաքսային միությանը միանալն այլևս անշրջելի գործընթաց է: Տո ա՛յ շրջված, այդ ո՞ւր է այդ գործընթացը»

«Այսպես կոչված առաջին նախագահն ասում էր՝ Մաքսային միությանը միանալն այլևս անշրջելի գործընթաց է: Տո ա՛յ շրջված, այդ ո՞ւր է այդ գործընթացը: Բա դու նախագահ ես եղել, ա՛յ միջակության միջակություն: Բա ժողովրդին այդ ի՞նչ էիր ասում, որ սա անշրջելի է. մենք արդեն Մաքսային միության անդամ ենք: Լավ, Սերժը պիտի հրաժարական տա, հանրապետականները պիտի հեռանան իշխանությունից, բա դո՞ւ, որ իշխանություն չունեիր ու ասում էիր իշխանությունների արած բացասականդ, և դա գովերգում, փառաբանում՝ որպես անշրջելի գործընթաց: Հիմա ինչպե՞ս ես թեկուզ կնոջդ երեսին նայելու քո միջակությամբ: Չէ՞ որ դու պիտի ասես՝ ես, ժողովու՛րդ, պարզվեց՝ քաղաքականության մեջ մեծագույն ապուշներից մեկն եմ, և ժամանակն է, ոչ թե ձևականորեն ասեմ, այլ իսկապես հեռանամ քաղաքականությունից՝ որպես իսկապես շրջելի քաղաքական գործիչ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություններ արեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու նախաձեռնություններին և քաղաքական տարբեր ուժերի, մասնավորապես ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներին:

( Ձայնագրությունը կարող եք լսել այս հղումով)

ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ վերոնշյալ հայտարարությամբ ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա քաղաքականության մեջ «անելիք չունի» և հայ ազգի համար մեկ դավաճան անվանեց նրան. «Թուրքերը խնդրում են զինադադար կնքել, ինքը ասում է՝ իմ ստորագրությունն էլ դրեք տակը: Ինչո՞ւ ես Հայաստանին ներքաշում Արցախ-Ադրբեջան հակամարտության միջազգային ճանաչված մակարդակի մեջ: Թող Սամվել Բաբայանը ստորագրեր Ալիևի հետ՝ իրար համարժեք մարդիկ էին: Չէ, Հայաստանն էլ պետք է մտնի, որ իրեն մարդու տեղ դնեն…»,-ասաց Հայրիկյանը:

Վերադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցի շուրջ քննարկմանը, Պ. Հայրիկյանը կատարյալ խեղկատակություն անվանեց այդ գործընթացը: Նա համարում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ արժանապատվորեն են ներկայանում միջազգային հանրությանը: «Ասում են՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը Մաքսային միության անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Շա՛տ բարի: Ճիշտ կլիներ ասել՝ Լևոնի կողմից ՄԱԿ-ում ներկայացված Հայաստանի սահմաններով: Բայց Ռուսաստանը ի՞նչ սահմաններով է ներկայանում. արդյո՞ք Ռուսաստանը ներկայանում է ՄԱԿ-ի գծած սահմաններով: Չէ՞ որ, Ռուսաստանն էլ գրավել է Ղրիմը, և շարունակում է ոտնձգությունները Ուկրաինայի նկատմամբ»,-ասաց Հայրիկյանը:

Հայրիկյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է վաղուց հրաժարված լիներ Մաքսային միությանը միանալուց. «Բայց այս իշխանությունները դա անել չեն կարող, որովհետև իրենց միջազգային մակարդակով փչացրել են: Եթե մեր ժողովուրդը չձերբազատվի միջազգային մակարդակով փչացված իշխանություններից, ապա այդ փչացվածությունը տարածվում է նաև մեր վրա»:

ԱԻՄ առաջնորդը Հայաստանում չի տեսնում որևէ քաղաքական ուժ, որի միջոցով Հայաստանը կարող է հրաժարվել Մաքսային միությանն անդամակցությունից. ««Ժառանգությա՞ն», որի ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանն ասում էր, որ մենք Մաքսային միությանը կողմ ենք: Խորհրդարանում ուրիշ ուժ չկա, որ ինչ-որ չափով դեմ է խոսում: Դե, «Ազատ դեմոկրատները» ինքնուրույն ֆրակցիա չունեն, բայց նրանք էլ այդքան բուռն չեն խոսում: Այսինքն՝ հայաստանյան բոլոր ուժերը շարունակում են իրենց պահել խամաճիկի նման, որովհետև մի մասն ընդհանրապես քաղաքական ուժ չեն, նույնիսկ քաղաքական անցյալ ունեցող ուժերի ներկայացուցիչներն ընդամենը մտածում են՝ որպես բիզնես օգտագործել քաղաքական կուսակցությունը»,-ասաց Հայրիկյանը:

Ըստ Պարույր Հայրիկյանի՝  անհրաժեշտ է, որ Հայաստանը շեշտակի անցում կատարի դեպի Եվրոպական միություն՝ ցույց տալով նաև Եվրոպական միության պետությունների սխալները. «Սխալն այն էր, որ երբ Սերժը՝ վախեցած կամ հարբած,  հայտարարություն արեց, որ միանում ենք Մաքսային միությանը, Եվրոպական միությունը պետք է ասեր՝ բայց դուք բանակցություններ եք վարում: Շարունակեք ձեր բանակցությունները, Մաքսային միության անդամ կլինեք՝ կմտածենք: Դա էլ Եվրոպական միության սխալն էր: Հիմա դա ինչպե՞ս պետք է ուղղվի. եթե ինձ կհաջողվի այն թվականների ոգով ազատ մտածող քաղաքացիներին ևս մեկ անգամ համախմբել ԱԻՄ-ի շուրջ, ինքնորոշման սկզբունքի շուրջ, Եվրոպական կողմնորոշման շուրջ, մի բանի կհասնենք: Եթե ինչ-որ բան անենք, մենք պետք է անենք՝ ինպչես արել ենք վերջին տասնամյակներում, ինչպես սկսեցինք մեր ժողովրդի ինքնորոշման շարժումը, որը Արցախի անունը ստացավ դավադրաբար, իհարկե: Բայց այնուամենայնիվ մենք գնացինք 80-ական թվականներին մեր նախանշած ճանապարհով, և Հայաստանը անկախության հանրաքվե արեց»:

Բնականաբար, Պարույր Հայրիկյանի կարծիքով միայն իր ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը և միայն ինքն է տեսնում հարցի լուծումը և պատրաստ է ստեղծված իրավիճակը փոխել. «Ցավոք սրտի, մեր հույսը էլի մնացինք միայն մենք: Մյուս քաղաքական ուժերը պարզապես քաղաքական ուժեր չեն: Մաքսային միության հարցում, Եվրոպական միության հարցում, ցավոք սրտի, մեզնից բացի՝ Հայաստանի առաջին քաղաքական ուժից բացի, մնացյալ բոլոր ուժերը Մոսկվայի խամաճիկներն են: Տարբեր անուններով՝ կրեմլյան կուսակցություններ են, և ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքացին չկարողանա նաև ճիշտ կողմնորոշվել: Ուրեմն, Հայաստանի իշխանությունները կատարյալ ձախողում են ապրել: Որևէ երկրում, որևէ իշխանություն այսպիսի ձախողում չի ապրել: Այսինքն՝ այսպիսի բուռն ընթացքով առաջ գնալ դեպի Մաքսային միություն և այսպիսի շառաչուն ապտակ ստանալ, ըստ էության գոյություն չունեցող, Եվրասիական միության ներկայացուցիչներից»,-հայտարարեց նա:

Մնում է պարզել, թե  ԱԻՄ կուսակցության մեջ Պարույր Հայրիկյանից բացի քանի անդամ կա՝ հաշվի առնելով, նրա հրավիրած վերջին հանրահավաքին ներկա հատուկենտ մարդկանց քանակությունը:

Ստորև ներկայացնում ենք Պարույր Հայրիկյանի՝ ամիսներ առաջ հրավիրած հանրահավաքի տեսագրությունը:

 

Բավական Ափիցարյան

Տեսանյութեր

Լրահոս