Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 21-ին` մեկ օրվա ընթացքում, 3 ընթերցմամբ հապշտապ ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» նոր օրինագիծը: Բնապահպանները նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.

«Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն Նախագահ, Դիմում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության համար կարեւոր բնապահպանական եւ իրավական խնդրի լուծման ակնկալիքով:

ՀՀ Ազգային Ժողովը 2014թ. հունիսի-21-ին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, որն իր բովանդակությամբ հակասում է Հայաստանի կողմից կնքված եւ վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջներին, չի բխում մեր երկրի բնապահպանական եւ ժողովրդավարական սկզբունքներից, չի նպաստում բնապահպանական խնդիրների լուծմանը:

Նոր օրենք ընդունելու նպատակ պետք է լիներ վերացնել գործող օրենքի թերությունները, զարգացնել եւ կատարելագործել իրավական կարգավորումները, սակայն նշված Օրենքը ոչ միայն չի լուծում այդ խնդիրները, այլ, սահմանելով ոչ հստակ բարդ գործընթաց, նոր խնդիրներ է առաջացնում, հակասում է միջազգային իրավական նորմերին:

Մինչ նոր Օրենքի ընդունումը գործում էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքը /1995թ./, որի գործողության ընթացքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն չորս անգամ որոշում է կայացրել, նշելով Հայաստանում օրենսդրության եւ պրակտիկայի ոչ համապատասխանությունը կոնվենցիային, եւ պահանջներ է ներկայացրել համապատասխան փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ՝ համապատասխանեցնելով Կոնվենցիայի դրույթներին:

Մասնավորապես, նշված է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ գործընթացներն, ինչպես նաեւ հանրային մասնակցության մեխանիզմները պարզեցվեն, վերացվեն բոլոր տեսակի խոչընդոտները, սակայն նոր Օրենքով ավելի է բարդացվել գործընթացը, նվազագույնի է հասցվել հանրային մասնակցությունը այդ գործընթացում, չեն սահմանվել հստակ մեխանիզմներ:

Բացի այդ, Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն նշել է, որ որոշումների ընդունման գործընթացում հանրությունը պետք է տեղեկացվի հնարավորինս շուտ, այսինքն, Օրենքով սահմանված 30 օր ծանուցման ժամկետը պետք է երկարացվեր, նոր օրենքում՝ հակառակը, այն կրճատվել է եւ սահմանվել 7 օր:

Այնուհետ, կոմիտեն նշել է, որ հանրային մասնակցության կազմակերպման գործում տարբեր դերակատարների /պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկողի/ պարտականությունը պետք է առավել պարզ սահմանազատված լինեն: Եթե 1995թ.

Օրենքում հստակ նշված է՝ բնապահպանական փորձաքննության գործընթացում մասնակցող յուրաքանչյուր մարմին ինչ պարտավորություններ ունի հանրության ծանուցման գործում, ապա նոր Օրենքում պարտականությունների բաշխումը հստակ չի արված եւ պարզ չէ գործընթացի փուլերի հաջորդականությունը:

Բացի նշված թերություններից նոր Օրենքում կան բազմաթիվ այլ անճշտություններ, բացեր, որոնց մասին եւ մեր, եւ միջազգային փորձագետները նշել են իրենց առաջարկություններում եւ դիտողություններում, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը հավաստիանցնելով, որ բոլոր առաջարկները հաշվի են առնվել եւ ներկայացվել է նոր տարբերակ, թողել է նախագիծն անփոփոխ նույն թերություններով:

Այսպիսով, նոր Օրենքում հանրության մասնակցության մասով ոչ միայն չեն բարելավել համապատասխան դրույթները, այլ հակառակը սահմանվել են ծանուցման ավելի կարճ ժամկետներ, չի սահմանվել կարծիք ներկայացնելու ժամկետ, սահմանափակվել է քննարկումները մեկ փուլով, հստակ չեն սահմանված գործընթացի բոլոր դերակատարների պարտականությունները, այսինքն, հիմնականում չեն կատարվել Օրհուսի կոնվերցիայի համապատասխանության կոմիտեի հ․ IV/9a որոշման պահանջները: Հետեւաբար, Հայաստանը չի կատարում Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, կտրուկ ընկել է Հայաստանի վարկանիշը միջազգային կառույցներում, Կոնվենցիան լիարժեք չի կիրառվում Հայաստանում, հասարակական հատվածը զրկվել է Կոնվենցիայի գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, մշտապես խախտվում են քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքները, ինչը առաջացնում է անվստահություն Կառավարության նկատմամբ եւ ավելացնում է հասարակության դժգոհությունը:

Պատահական չէ, որ Կոնվենցիայի կողմերի հինգերորդ հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ Հայաստանը հանդիսանում է Կոնվենցիային չհամապատասխանող երկիր: Այս ամենը կազդի բնապահպանության ոլորտում օտարերկրյա ներդրումների եւ ծրագրերի ֆինանսավորման վրա: Ելնելով վերը նշվածից՝ խնդրում ենք Ձեզ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով, վերադարձնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողով եւ պահանջել նոր քննարկում: Կանխավ շնորհակալություն:

Սիլվա Ադամյան՝ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող

Նազելի Վարդանյան՝ «Հայաստանի անտառներ»

ՀԿ Գրետա Գաբրիելյան՝ «Էկոակադեմիա»

ՀԿ Արթուր Համբարձումյան՝ անկախ փորձագետ

Արամ Գրիգորյան՝ անկախ փորձագետ

Սեյրան Մինասյան՝ անկախ փորձագետ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս