Բաժիններ՝

Կրեմլում հաստատել են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Տեֆտի նշանակման թույլտվությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հաստատել են Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Տեֆտի նշանակման թույլտվությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը. «Այո՛, համաձայնություն եղել է»:

Ուշակովը չի մեկնաբանել Տեֆտի պահվածքը, երբ նա աշխատել է Վրաստանում ու Ուկրաինայում: Նա ընդգծել է, որ Տեֆտն արհեստավարժ դիվանագետ է. «Այն, որ նա աշխատել է Ռուսաստանում, որ գիտի մեր երկիրն ու խոսում է ռուսերեն, դա նույնպես փաստ է»:

Ջոն Տեֆտն Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությանն աշխատել է 2009 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի օգոստոսը: 2000-2003 թվականներին նա եղել է Լիտվայում ԱՄՆ-ի դեսպան, 2005-2009 թվականներին՝ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան: 1996-1999 թվականին Տեֆտը զբաղեցրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը:

Ռուսաստանում ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը փետրվարի 26-ին լքել է Մոսկվան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս