
Բրազիլիայում զանգվածային անկարգություններ են գրանցվել Գերմանիայի հավաքականին պարտվելուց հետո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի քաղաքների փողոցում զանգվածային անկարգություններ են սկսվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո:
Բրազիլիայի հավաքականը Բելու Հորիզոնտի քաղաքում իր ուժերը չափեց Գերմանիայի հավաքականի հետ և կրեց 1:7 հաշվով ջախջախիչ պարտություն: Սոցցանցերում հայտնվել են հանդիպումից հետո Բրազիլիայի դրոշն այրող մարդկանց լուսանկարները:
Սան Պաուլու քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ: Twitter-ում տարածված լուսանկարներում երևում են քաղաքների փողոցներում առաջացած հրդեհներ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ մարդկանց ցրելու համար:
Ռիո դե Ժանեյրոյում նույնպես միջադեպեր են գրանցվել: Տեղի հանրահայտ Կոպակաբանա լողափում հանդիպումը դիտելու համար հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Գերմանացիների 5-րդ գոլից հետո հարյուրավոր մարդիկ սկսել են լքել լողափը և դուրս գալ փողոցներ, ինչը հանգեցրել է մեծ հրմշտոցի ու առաջացրել է խուճապ: