Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանը պետք է դուրս գա ճամբարային մտածողությունից

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը պետք է կասեցնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը և դուրս գա ճամբարային մտածողությունից:

Հովհաննիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով հարցին, նշեց հետևյալը. «Դուք գիտեք, որ մենք դեմ ենք Հայաստանի անդամակցությանը, մենք կողմ ենք երկկողմանի, հորիզոնական, ժողովրդավարական հարաբերությունների Ռուսաստանի ու մնացած գործընկերների և Հայաստանի միջև: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա ճամբարային մտածողությունից և երկկողմանի հարաբերությունների միջոցով ստեղծի այդ ռազմավարական նշանակության անվտանգության ցանցը, որը հիմա չկա: Ես պնդում եմ այն, ինչ ասացի համագումարի ժամանակ, որ կոնկրետ այս իշխանությունները չունեն ժողովրդական նեցուկը, մանդատը, լեգիտիմությունը` ստորագրել նման պայմանագիր, որը կսահմանափակի Հայաստանի ինքնիշխանությունը, սեփական տնտեսական քաղաքականությունն իրականացնելու հնարավորությունը և նաև բացասաբար կազդի Հայաստանի քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Եթե Հայաստանն ուզենա, կարող է դիմել դառնալու դիտորդ թե´ եվրասիական, թե´ եվրոպական կառույցներում, բայց ես կարծում եմ, որ հիմա Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է ոչ թե Հայաստանի ինքնիշխան քաղաքականության, այլև այլ պետական դերակատարների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) քաղաքականության հետևանքով: Միգուցե  ձգձգվում է այն պատճառով, որ այդ ուժերը հավատում են, որ Հայաստանն այժմ իրենց գրպանում է, և հիմա արդեն պետք է աշխատեն Ադրբեջանի վրա` Արցախում մեր շահերի հաշվին, կամ էլ կան այլ միջազգային հարցեր, որոնք լուծվում են այստեղ»:

Տեսանյութեր

Լրահոս