Կարմիր խաչը կկառուցի՞ Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատը
tesankyun.am-ը գրում է. Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղը սահմանակից, դեմ-հանդիպման է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղին: Ազերիները թիրախ են ընտրում գյուղի տները, մանկապարտեզը: 2014թ. ապրիլի 14-ի գնդակոծության ժամանակ խոշոր տրամաչափի գնդացրի 3 գնդակ պայթել է մանկապարտեզի շենքի միջանցքում, ավերածություններ արել:
Այգեպարի մանկապարտեզում գործում է մեկ խումբ՝ 23 երեխայով: Նախադպրոցական հաստատության շենքը նորոգվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: 2013թ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցներով այնտեղ արեւային ջրատաքացուցիչներ եւ մետաղապլաստե դռներ, պատուհաններ են տեղադրվել,2014թ. մայիսին Կարմիր Խաչը մանկապարտեզում մի խմբասենյակ է նորոգել, ընդլայնել ջեռուցման ցանցը :
Այգեպարի գյուղապետարանը ծրագրել է նախադպրոցական հաստատությունը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանելու համար պատ կառուցել: Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանն ասաց, որ իրենք այդ հարցով դիմել են Կարմիր Խաչի միջազգային ընկերությանը, կազմվել է պատի էսքիզը, սակայն դեռեւս պատի շինարարության ֆինանսավորում չի կատարվել:
2013թ. դեկտեմբերին պատի կառուցման խնդրով մենք հարց տվեցինք Այգեպար այցելած Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վայնրախին: Վերջինս ասաց, որ մանկապարտեզի պատերին առկա են գնդակոծության հետքեր, իրենք հույս ունեն, թե առաջիկայում կլուծվի պատի կառուցման ֆինանսավորման հարցը: Ա. Այդինյանի խոսքերով՝ իրենք հուսով են, որ 2014թ. սեպտեմբերին Կարմիր Խաչը կֆինանսավորի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցումը:
ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ հունիսի 27-ին այցելել է Այգեպար: Այնտեղ քննարկվել է նաեւ մանկապարտեզի անվտանգության եւ պաշտպանիչ պատի կառուցման հարցը: Ա. Այդինյանն ասաց, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 92 միլիոն ֆինանսավորմամբ Այգեպարի դպրոցի պաշտպանիչ պատ է կառուցվել, կառուցապատվում են դպրոցի դահլիճը եւ մարզադահլիճը:
Այդ աշխատանքների ավարտից հետո, 2014թ. նոյեմբերի առաջին կեսին կարող է սկսվել պաշտպանիչ պատի շինարարությունը: Հայ օգնության ֆոնդի «Այո» նախաձեռնությունը Այգեպարի մանկապարտեզի պաշտպանիչ պատի կառուցման համար համացանցում հանգանակության հայտարարություն է զետեղել: Գյուղապետ Այդինյանը տեղյակ է այդ մասին , սակայն չգիտի , թե ինչքան գումար է հանգանակվել:
Մանրամասներն՝ այստեղ