ԼՂ-ի խնդրի լուծումը կազմել է Ադրբեջանի ԱԳՆ-ի գործունության հիմքը. Մամեդյարով
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեսպանների հավաքի ժամանակ հայատարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսուհետ նույնպես կպայքարի հայկական լոբբիի դեմ:
Մամեդյարովի խոսքերով՝ Ադրբեջանի դեսպանների հերթական՝ հինգերորդ, խորհրդաժողովն անցկացվում է նշանակալից ժամանակահատվածում, երբ երկրում նշում են դիվանագիտական ծառայության 95-ամյակը: Մամեդյարովը դեսպաններին իրազեկել է 2012 թվականին տեղի ունեցած նրանց 4-րդ խորհրդաժողովից հետո կատարված աշխատանքների մասին:
Մասնավորապես, այդ ընթացքում Ադրբեջանը դեսպանատներ է բացել Շվեյցարիայում, Ավստրալիայում ու Վիետնամում, գլխավոր հյուպատոսություն է բացել Դուբայում (ԱՄԷ) և ներկայացուցչական գրասենյակներ Կոլումբիայում ու Ուրուգվայում:
Միևնույն ժամանակ Ադրբեջանում իրենց գործունեությունն են սկսել Աֆղանստանի, Սուդանի, Կոլումբիայի, Շվեդիայի, Իսպանիայի ու Մալայզիայի դեսպանատները, ինչպես նաև մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Ներկա դրությամբ օտար երկրներում Ադրբեջանն ունի 57 դեսպանատուն, 5 միջազգային կառույցներին կից մշտական ներկայացուցչություն, 9 գլխավոր հյուպատոսություն, 7 ներկայացուցչական գրասենյակ և 7 պատվավոր հյուպատոսություն:
Իսկ օտար երկրներն Ադրբեջանում ունեն 58 դեսպանատուն, 4 գլխավոր հյուպատոսություն, 10 պատվավոր հյուպատոսություն: Միջազգային կառույցներն ունեն 20 ներկայացուցչություն: Մամեդյարովը հայտարարել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, կազմել է ԱԳՆ-ի գործունեության հիմքը: