Թուրքիայում գրանցել են նախագահի բոլոր թեկնածուներին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) այսօր հրապարակել է գրանցում ստացած նախագահի թեկնածուների ցուցակը: Այդ թեկնածուները կպայքարեն օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում:
YSK-ը հաստատել է բոլոր թեկնածուների հայտերը: Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) առաջադրել է իր նախագահ և երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի թեկնածությունը, ընդդիմությունը՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը, իսկ քրդերը՝ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը:
Գրանցման գործընթացի հետ կապված հնարավոր բողոքարկումները կարող են ներկայացվել մինչև հուլիսի 10-ը: Իսկ գրանցում ստացած նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Պաշտոնաթերթում կհրապարկվի հուլիսի 11-ին, ինչից հետո կմեկնարկի նախընտրական կամպանիան: