Վրաստանն ու Ադրբեջանն Արևելքի ու Եվրոպայի միջև ընկած դռներ են. Ուսուպաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Արևելքի ու Եվրոպայի միջև ընկած դռներ և պետք է հանդես գան միասնական դիրքերից, խորացնեն երկկողմ հարաբերությունները:
Այս մասին Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Վերջինս երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել երեկ:
Ուսուպաշվիլին ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այնուամենայնիվ մի շարք հարցերում կան տարաձայնություններ, սակայն հաշվի առնելով աշխարահագրական դիրքը՝ մենք պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ:
Ուսուպաշվիլին կարևորել է տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային արենայում երկու երկրների համագործակցությունը: Ասադովն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների խորացման համար ստեղծվել է իրավական ամուր բազա, ստորագրվել է 106 միջպետական փաստաթուղթ: