Գայլուկի բացառիկ հատկությունները

Բուշիչ նամակներ

Կանեփազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, հայերեն այլ անվանումներն են` ջղլաբատ, հումուլ, գիտական անվանումն է` Humulus lupulus։
Հյուսիսային կիսագնդում դեպի աջ պտտվող գետնատարած, մագլցող կամ բույսի վրա աճող փշերով հենարանին «գամվող» երկտուն բույս է։

Հայրենիքն արևմտյան Ասիան է, վաղուց ի վեր տարածված է Եվրոպայի և Ռուսաստանի բարեխառն կլիմայական գոտիներում, Ք.հ. 768 թվականից մշակվում է Ֆրանսիայի արքա Պիպին Կոթակի հրամանով` մենաստաններին կից այգիներում։ Ներկայումս մշակվում է ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ արդեն մագլցում է հատուկ գերանաձև հենարանների և ցանցերի վրա` պտտվելով ձախ ուղղությամբ։

Արմատային համակարգը բաղկացած է մինչև 3 մետր խորացող կենտրոնական արմատից և կոճղարմատից, ցողունը քառանիստ-վեցանիստ է, երկարությունը կարող է հասնել 5-6 մետրի։ Տերևները խոշոր են, թաթաձև կտրտված` 3-5 մատնանի, հիմքում` սրտաձև, ձվաձև կամ կլորավուն։ Տերևաթիթեղը խիստ անհարթ է, ծածկված է ոսկեդեղին գեղձիկներով։ Ձմռանը վերգետնյա մասն ամբողջովին մահանում է, իսկ գարնանը կոճղարմատների վրա զարգացող բողբոջներից աճում են նոր ծիլերը։

Կարդացեք նաև

Գայլուկը բազմանում է կոճղարմատի կտորներով։ Մշակում են միմիայն իգական բույսերը, քանի որ իգական ծաղիկների փոշոտման դեպքում ծաղկակիցներից զարգացող կոները կորցնում են իրենց տնտեսական նշանակությունը և բուժիչ հատկությունները։

Ծաղկակիցների ներսում կան բազմաթիվ դեղին գեղձիկներ, որոնք դուրս են թափվում արդեն հասունացած չոր կոներից։ Այդ դեղին փոշին պարունակում է լուպուլին կոչվող նյութ, որն օգտագործվում է գարեջրի արտադրությունում և բուժիչ նպատակներով։

Բուժական նպատակներով մթերում են իգական ծաղկաբույլերը և ոչ լրիվ հասունացած կոները, չորացնում են հատուկ ջեռոցներում։

Գայլուկի մատղաշ ծիլերն ուտելի են, համը նման է ծաղկակաղամբին և ծնեբեկին։ Ուտում են յուղի մեջ տապակած ու հում վիճակում և մարինացված։
Լուպուլինն օգտագործվում է դրոժների պատրաստման համար` խմորի և գարեջրի։
Գայլուկի կոնը պարունակում է խեժ, օրգանական թթուներ, դաբաղանյութեր, մինչև 2% եթերային յուղ, հորմոններ, ներկանյութեր, կումարին, B խմբի և K վիտամիններ։ Ծաղիկներից ստանում են դեղնականաչավուն ներկանյութ։

Կոներում պարունակվող լուպուլինն ունի հանգստացնող և քնաբեր հատկություն։

Ժամանակակից բժշկությունն ապացուցել է, որ գայլուկի հիմքի վրա պատրաստված դեղամիջոցներն ունեն դրական ազդեցություն տագնապային վիճակի, վախի, անքնության, ստամոքսի հիվանդությունների, միզապարկի բորբոքման, հոդատապի դեպքում։ Կոներից ստացված պատրաստուկները խորհուրդ է տրվում խմել հյուծված և անորեքսիայով հիվանդ մարդկանց։

Վերջին տարիներին գիտնականներն ապացուցել են, որ գայլուկը լավ է պայքարում նաև ինֆեկցիոն և բորբոքային բնույթի հիվանդությունների և շաքարային դիաբետի դեմ։
Գայլուկը պարունակում է կանանց էստրոգեն հորմոնի բուսական նմանակներ, խորհուրդ է տրվում օգտագործել դաշտանադադարի շրջանում։

Շատ օգտակար հատկություններ ունեն գայլուկի մեջ պարունակվող դառնանյութերը, որոնք կարգավորում են մարսողությունը և լեղածորանների գործունեությունը։ Գայլուկը կիրառվում է երիկամների, լյարդի, լեղուղիների հիվանդությունների բուժման համար։
Կոներում պարունակվող դառնանյութերը և ֆենոլային միացությունները մաս են կազմում ռևմատիզմի և շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղորայքի մեջ։

Գիտնականները շատ հեռանկարային են համարում գայլուկի մեջ պարունակվող քսանտոխումոլ նյութը, որը կարող է օգտակար լինել որոշակի ծագում ունեցող ուռուցքների զարգացումը կանխարգելելու համար։ Կա կարծիք, որ հատկապես քսանտոխումոլի շնորհիվ է, որ բույսն ունի յուրահատուկ հակամանրէ և հակասնկային հատկություններ, որի շնորհիվ գայլուկը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես կոնսերվանտ, օրինակ` գարեջրի պատրաստման համար։

Համեմատաբար քիչ տվյալներ կան գայլուկի հակասկլերոտիկ և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկությունների վերաբերյալ. այնինչ գայլուկից ստացված պատրաստուկներն ամրացնում են արյունատար անոթները և օգտակար են հիպերտոնիկ հիվանդության դեպքում և կարող են օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց` ինսուլտի և ինֆարկտի զարգացումը կանխարգելելու և բուժման համար։

Հիպերտոնիկ հիվանդություն. Գայլուկի դեռ չհասունացած 50 գ կոները 7 օր թրմեք 200 մլ սպիրտի (70 տոկոս) մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` ճաշից կես ժամ առաջ և ընթրիքից 2-3 ժամ հետո` ջրի հետ։

Գայլուկի ցողունից պատրաստված կտորեղենն ունի հանգստացնող ազդեցություն մաշկի վրա։

Գայլուկն ունի մեծ կիրառում օծանելիքի և մաշկի, մազերի խնամքի համար նախատեսված միջոցների արտադրությունում, օրինակ` քսուքներ, մերսման համար նախատեսված յուղեր, օստեոխոնդրոզի և ռևմատիզմի դեպքում ցավերը նվազեցնող թրջոցներ, մազերն ամրացնող օճառահեղուկ, քնաբեր հատկություն ունեցող հավելումներ` լոգանքի համար։

Բույսը տարածված է ՀՀ Լոռի, Տավուշ, Արագածոտն, Սյունիք մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, գետերի ափերին տարածված թփուտներում, անտառներում։
Նյարդերը հանգստացնող (հնագույն դեղատոմս). Գայլուկի 1 թ/գ մանրացրած, դեռ չհասունացած կոնը կամ կես գրամ կոնի չոր փոշին 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք թանզիֆով։
Խմեք 200-ական մլ` օրը 3 անգամ, անկախ ուտելուց։

(Շարունակելի)

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս