Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև ծագել է լրտեսական սկանդալ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի դեսպանին կանչել է իր մոտ` պարզաբանում տալու համար Վաշինգտոնում աշխատող գերմանական հետախուզության աշխատակցի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ենթադրյալ լրտեսին կալանքի տակ են առել երեկ: Գերմանիայի դատախազությունը հայտարարել է, որ 31-ամյա գերմանացուն կասկածում են օտար հետախուզական ծառայությունների օգտին լրտեսություն կատարելու մեջ: Չի հաղորդվում, թե նա պատկանել է հատուկ ծառայության որ տեսակին:
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ կալանավորվածն աշխատել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում: Նա մեղադրվում է հենց ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Նրանց տվյալներով` հետախույզը Վաշինգտոնում աշխատում է 2012 թվականից:
Միջադեպի հետ կապված` Գերմանիայի ԱԳՆ-ը դիմել է Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էմերսոնին: Գերմանիայի ԱԳՆ-ը հուսով է, որ նա կաջակցի ստեղծված իրավիճակի բոլոր հանգամանքների շուտափույթ պարզմանը: Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆան Զայբերտը տեղի ունեցածի մասին արդեն իսկ զեկուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
2013 թվականի հոկտեմբերին ԱՄՆ հետախուզական կառույցների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վկայել են, որ ամերիկյան հատուկ ծառայություններն աշխատել են Գերմանիայի տարածքում` մասնավորապես գաղտնալսելով Մերկելի հեռախոսը:
2014 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ ծառայություններին արգելել է գաղտնալսել բարեկամական երկրների ղեկավարներին: