Պուտինը ցանկանում է, որ Ադրբեջանը ԵՏՄ-ին անդամակցի Հայաստանից ավելի շուտ. ադրբեջանցի քաղաքագետ
Ադրբեջանական Yeni Müsavat թերթին տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի քաղաքագետ Նատիկ Միրին անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցության խնդրին:
Նա հիշեցրել է, որ Հայաստանը տվյալ հարցում բավական առաջ էր ընկել Ադրբեջանից, սակայն Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը հայտարարել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին կարող է անդամակցել աշնանը:
Միրին կարծում է, որ դա հանդիսանում է ոչ թե Ղազախստանի կամ Բելառուսի քաղաքական կամքը, այլ, որ տվյալ որոշումն ուղղակիորեն բխում է Ռուսաստանից, որ դա Ռուսաստանի ցանկությունն է.
«Կարծում եմ, որ Հայաստանի առջև Ղազախստանի նախագահի դրած նախապայմանը նախևառաջ բխում է Պուտինից: Ռուսաստանը տեղյակ է, որ հեշտ է ամեն պահին կառույցին (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելը: Հայաստանը Ռուսաստանից լիովին կախվածության մեջ է: Միաժամանակ Ռուսաստանի համար մեծապես անհրաժեշտ է, որ ԵՏՄ-ին անդամակցի Ադրբեջանը:
Այդ պատճառով էլ, որ Ռուսաստանը նպատակադրվել է, որ ԵՏՄ-ին նախևառաջ անդամակցի Ադրբեջանը, և հետո նոր՝ Հայաստանը: Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի ռազմավարական երկիր է, և ելնելով դրանից՝ Պուտինն աշխատում է ամենատարբեր ազդեցիկ միջոցներով (այդ թվում նաև Ղարաբաղի քարտեզով) ազդել Ադրբեջանի վրա:
ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելն ապագայում ճանապարհ կհարթի տարածաշրջանում Ռուսաստանի մեծապես ամրապնդվելու համար: Բացի այդ, դա կհանգեցնի, որ ԵՏՄ-ին անդամակցեն նաև Միջին Ասիայի մյուս երկրները: Պուտինը շատ լավ է հասկանում Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը: Նա Ուկրաինայի կորուստը ցանկանում է փոխհատուցել Ադրբեջանով, որ ներկայիս պայմաններում Ադրբեջանն օդի ու ջրի պես անհրաժեշտ է իրեն»: