Գիգի Ուգուլավայի նկատմամբ նոր մեղադրանք է ներկայացվել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր նոր մեղադրանք է ներկայացվել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամբ, որին ձերբակալել են երեկ առավոտյան: Խոսքը գնում է ՏԻՄ ընտրությունների շեմին Մառնեուլիի ընտրական հանձնաժողովում գրանցված միջադեպի մասին:
Ուգուլավան և «Միասնական ազգային շարժում» կուսակցության մյուս առաջնորդներն ու ակտիվիստներ բողոքարկել էին ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված Մառնեուլիի (Կվեմո Քարթլիի շրջան) շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնից կուսակցության թեկնածու Աքմամեդ Իմամկուլիևին հանելու հետ:
Դրանից հետո նրանք ներխուժել են ընտրական հանձնաժողովի նախագահ Կոբա Ասանիձեի աշխատասենյակ, ուր և Ուգուլավան պատռել է այդ որոշումը և Ասանիձեին խոստացել է, որ նա խստապես կզղջա իր այդ քայլի համար:
Ապօրինի եկամուտներն օրինականացնելու գործին (դար համար նրան սպառնում է 9-12 տարվա ազատազրկում) այժմ հավելվել է «մառնեուլյան» միջադեպը, որի հետ կապված՝ Ուգուլավային մեղադրանք է ներկայացվել խմբային գործողություններ ու հարկադրանք կազմակերպելու համար:
Ուգուլավան իրեն մեղավոր չի ճանաչում և քաղաքական ենթատեքստ է տեսնում իրեն ձերբակալելու մեջ: