
Բրիտանացի լորդը երկու տարի առաջ առաջարկել է ստեղծել Սիրիայի ապստամբների 100.000-անոց բանակ՝ Ասադին հաղթելու համար

BBC News-ի փոխանցմամբ՝ բրիտանացի լորդն առաջարկել է ստեղծել սիրիացի ապստամբների 100.000-անոց բանակ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հաղթելու համար: Այդ գաղտնի պլանը երկու տարի առաջ պատրաստել է գեներալ, սեր Դևիդ Ռիչարդսը, ով երկու տարի առաջ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի պաշտոնը:
Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, բրիտանական Ազգային անվտանգության խորհուրդը, ինչպես նաև ամերիկյան կողմը մերժել են այդ նախագիծը՝ այն համարելով չափազանց ռիսկային: Լորդ Ռիչարդսը կարծել է, որ իր նախաձեռնությունը կօգնի ապստամբների արագ հաղթանակի շնորհիվ կանգնեցնել արյունահեղությունը Սիրիայում:
Նրա կարծիքով՝ հակառակ դեպքում հակամարտության արագ դադարեցման համար անհրաժեշտ է թույլ տալ, որ Ասադը հաղթի ապստամբներին: «Հավաքի՛ր, սպառազինի՛ր, ուսուցանի՛ր» ծածկանունը ստացած պլանը նախատեսում էր Սիրիայի կառավարական զորքերի դեմ գործողություններին միջազգային դաշինքի մասնակցություն:
Նախատեսվում էր մեկ տարվա ընթացքում բանակի հետ զուգահեռ ձևավորել վտարանդիության մեջ գտնվող սիրիական կառավարությունը: Եվ երբ ամեն ինչ կլիներ պատրաստ, ապստամբական բանակը Արևմտյան և Պարսից ծոցի երկրների կործանիչների պաշտպանության ներքո հաղթական երթով կշարժվեր Դամասկոսի ուղղությամբ: Հարձակումը պետք է իրականացվեր կայծակնային պատերազմի տեսքով, ինչպես որ ԱՄՆ-ը 2003 թվականին իրականացրեց Իրաքում: