Հրապարակվեցին բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի գործով վկայի ցուցմունքն ու ապացույցները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բռնաբարության, ավազակության, ավտոմեքենային առանց հափշտակության նպատակի տիրանալու, անձի առևանգման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ոստիկան Է. Վարագյանի գործով դատական նիստի ընթացքում դատավորը բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը:

Փաստաբանը միջնորդում էր դատարան հրավիրել ամբաստանյալի ընկերուհուն՝ նշելով, որ դեպքի օրը որոշ ժամերի իր պաշտպանյալը եղել է այդ աղջկա հետ:

Գործով մեղադրողը դատարանում չառարկեց միջնորդության դեմ. «Եթե հարցը վերաբերում է ամբաստանյալի այլուրեքությանը, ես առարկություն չունեմ»:

Դատարանում հրապարկվեց գործով վկաներից մեկի՝ Գևորգ Չթեյանի ցուցմունքը. իր ցուցմունքում վկան նշել էր, որ երբ շինարարական աշխատանքներ է կատարել Ամերիկյան համալասրանի վարչական շենքում, ծանոթացել է գործով տուժողի հետ, ով՝ տեսնելով իր կատարած աշխատանքների որակը, առաջարկել է կատարել իր սեփական տան ներքին հարդարման աշխատանքները:

Վկան հայտնել էր, որ համաձայնել է և մոտ մեկ ամիս անց Արթիկ քաղաքում հանդիպել ամբաստանյալին, ում հետ սովորել է քոլեջում: Ամբաստանյալն իմացել է, որ ինքն աշխատում է Երևանում, շինարարություն է անում և խնդրել է հնարավորության դեպքում իրեն էլ ներգրավվել աշխատանքների մեջ:

Վկան ասել էր, որ ինքը բանվորի կարիք է ունեցել և ամբաստանյալին առաջարկել է միասին վերանորագման աշխատանքներ կատարել տուժողի բնակարանում:

Ըստ Գ. Չթեյանի ցուցմունքի՝ ամբաստանյալը տուժողի բնակարանում աշխատել է որոշ ժամանակ, սակայն մի օր ամբաստանյալը դուրս է եկել աշխատանքի վայրից և այլևս չի վերադարձել:

Որոշ ժամանակ անց, ըստ վկայի ցուցմունքի, ինքն իմացել է, որ ամբաստանյալը աղջիկ է փախցրել և նրան փնտրում են ոստիկանները: Ըստ վկայի ցուցմունքի՝ իմանալով այդ մասին, տուժողն իրեն ասել է, որ ամբաստանյալն այլևս իր տուն չգա, ինչից մի քանի օր անց ամբաստանյալն իրեն զանգել է աշխատանքի գալու համար, սակայն ինքն ասել է, որ այլևս աշխատանքի չգա: Դրանից հետո ամբաստանյալին չի հանդիպել:

Քննիչի հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել գործով տուժողն ու ամբաստանյալը, վկա Չթեյանը պատասխանել էր, որ տուժողն ու ամբաստանյալը ոչ մի հարաբերություն չեն ունեցել, ամբաստանյալը պարզապես որպես բանվոր աշխատել է տուժողի տանը, տուժողը ամբաստանյալի հետ չի շփվել, տուն գալիս միայն բարևել է նրան, իսկ աշխատանքի ծավալի, վարձատրության չափի մասին տուժողը խոսել է միայն իր հետ:

Քննիչը նշել էր, որ ամբաստանյալը հայտնել է՝ աշխատանքի ընթացքում իր և տուժողի միջև մտերիմ փոխհարաբերություններ են ձևավորվել, և վկայից հետաքրքրվել էր, թե ի՞նչ է նրան հայտնի այդ մասին:

Ի պատասխան վկան հայտնել էր, որ ամբաստանյալը ստում է, նման բան ընդհանրապես չի եղել, ճանաչելով տուժողին՝ կարող է ասել, որ նա շատ բարոյական և ավանդապաշտ, ամուսնացած կին է, ճանաչում է նաև տուժողի ամուսնուն ու դստերը:

Բացի այդ՝ վկա Չթեյանը հայտնել էր, որ տուժողի բնակարանը վերանորոգելիս իրենք ապրել են հենց այդ տանը և եթե նման բան լիներ, ապա կիմանային այդ մասին, տուժողն օրվա ընթացքում միայն եկել և հետևել է տանը կատարվող աշխատանքներին, տուժողը որևէ մեկին առիթ չի տվել նման բան մտածելու:

Ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալ Է. Վ.-ի պաշտպանն ասաց, որ այդ ցուցմունքը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, իրենք հարցեր ունեն վկային:

Փաստաբանն ասաց, որ վկայի ցուցմունքը կարևոր է որոշ հանգամանքների բացահայտման համար և դատարանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի նշված անձը հարցաքննվի դատարանում:

Դատարանում այսօր հրապարակվեցին քրեական գործին կցված գրավոր ապացույցները: Մեղադրողը հրապարակեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ տուժողին պատկանող բնակարանի 1-ին հարկի բնակարաններից մեկի ապակին կոտրված է, իսկ դրա դիմաց հայտնաբերվել է տուժողին պատկանող գործիք, որը, ըստ արձանագրության, մեղադրյալն օգտագործել է տան ապակին կոտրելու համար, իսկ տուժողի բնակարանի 3-րդ հարկի ննջարանի դռան և պատերի վրա հայտնաբերվել և վերցվել են ավազակային հարձակման ժամանակ լուսարձակի բալոնից արձակված պատիճավոր պղպեղի լուծամզվածքի հետքերը:

Ըստ մեղադրողի՝ կատարված քննչական փորձարարության ընթացքում տուժողը մատնացույց է արել Կոտայքի մարզի գյուղերից մեկի ամայի դաշտը՝ հայտարարելով, որ ավազակային հարձակումից հետո իրեն ու դստերն առևանգած անձը մեքենայի բեռնախցիկում իրեն բերել է այնտեղ, դուրս բերել բեռնախցիկից, բռնաբարել, ապա իրեն ու դստերը թողնելով այնտեղ՝ հեռացել:

Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:

Դատագենետիկական փորձաքննության համաձայն՝ բարձերից վերցված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկանում են ամբաստանյալի ԴՆԹ-ի բնութագրի հետ 99.99 տոկոս հավանականությամբ: Մեղադրողը հրապարակեց նաև այլ ապացույցները:

Պաշտպանական կողմը հայտարարեց, որ կասկածի տակ է դնում մի շարք ապացույցներ. փաստաբանը նշեց, որ որևէ մեկը չի կարող հիմնավորելել, որ ամբաստանյալը «երկաթե ձողով հայտնվել է այնտեղ, կոտրել ապակին»: Իսկ բարձր երեսի, արյան նմուշի վերաբերյալ խոսելով՝ փաստաբանն ասաց, որ ժամանակին տուժողի բնակարանը զննության է ենթարկվել և արնանման հետքեր չեն հայտնաբերվել, իսկ հետագայում բնարականում տուժողը ներկայացրել է բարձի երեսը:

Ամբաստանյալը ևս մատնանշեց մի քանի հանգամանքներ՝ միջնորդելով ճանաչման գործողությանը մասնակցած և արձանագրության տակ ստորագրած ընթերականերին: Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս