«Աֆրիկյանների շենքը պետք է նպատակային իրացվեր, ու այդպես էլ եղավ»
«Ես կբերեմ փաստեր, որ խախտումներն իրականացվում են հենց իշխանությունների՝ քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կողմից»,- այսօր Աֆրիկյանների շենքի պահպանման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա իր ասածը հիմնավորելու համար կարդաց 2006 թվականին ՀՀ դատախազության կողմից կազմված նամակը, որն ուղղված է եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
«Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց լիազորությունները միտումնավոր կերպով չկատարելու և տեսչական ակտը ՀՀ արդարադատության նախարարությունում չգրանցելու, այնուհետև այդ որոշումը ուշ գրանցելու հետևանքով՝ ավելի քան 4 տարի Երևան քաղաքը չի ունեցել պատմության և մշակույթի հուշարձանների ցանկ»:
Ըստ Ս. Բաղդասարյանի՝ սա նշանակում է, որ այդ չորս տարվա բացը, որ եղել է 2000-2004 թվականներին, այն է, որ բոլոր հուշարձանները դարձել են օբյեկտներ. «Երբ Հյուսիսային պողոտայի գործընթացը սկսվեց 2000 թվականին, դա հնարավորություն տվեց քաղաքապետարանին ոչնչացնել այնտեղ գտնվող հուշարձանները: Հարց է ծագում՝ քանի՞սն են դրանք»:
Ս. Բաղդասարյանը նորից մեջբերեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2006 թվականին կազմված տեղեկանքը, որտեղ ասված է. «Հյուսիսային պողոտայի կառուցապատման հատվածում և նրան հարակից թվով 29 պատմամշակութային շենք-շինություններ կառուցապատողների կողմից քանդվել են սահմանված կարգի խախտումներով՝ առանց լիազորված մարմնի համապատասխան մասնագիտական եզրակացության»:
Ս. Բաղդասարյանը հիշեցրեց, որ երբ 2004 թվականին կառավարության կողմից ընդունվեց հուշարձանների ցանկը, դրան կցված էր «Հավելված 2», որտեղ նշված էին 14 հուշարձաններ, որոնք պետք է տեղափոխվեին. «Եթե մի քիչ ուշադիր ուսումնասիրում ենք՝ տեսնում ենք, որ այդ հուշարձանները, որոնք պետք է, որ տեղափոխվեին (չնայած դա նոնսենս է), դրանից հետո քանդվել են ևս մի քանի հուշարձան շենքեր, որոնք այդ ցուցակում ընդգրկված չեն: Նորից ես կարդամ Դատախազության նամակը, որտեղ գրված է. «Հատկանշական է, որ պետական ցուցակում ընդգրկված պատմական հուշարձաններ հանդիսացող շենքերի տարածքներն ինչ-ինչ նկատառումներով իրացվել են, իսկ հուշարձանները քանդվել-ոչնչացվել են առանց լիազորված մարմնի թույլտվության: Օրինակ, 2005-2006 թվականին քանդվել են Հանրապետության փողոցի թիվ 51/53 շենքը, Պուշկինի 19/29/28, Արամի 62/74 շենքերը»:
Ս. Բաղդասարյանը նշեց, որ Երևան քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձան-շենքերի քանդումը քաղաքապետարանի նախկին պատասխանատուները հիմնավորել են նրանով, թե ներդրողների կողմից ձեռք բերված տարածքներում լայնածավալ շինարարական աշխատանք կատարելու համար դրանք խոչընդոտել են. «Այսինքն՝ հուշարձանը խոչընդոտում է լայնածավալ գործընթաց իրականացնելուն: Այսինքն՝ հուշարձանները քանդվեցին ոչ թե նրա համար, որ քանդվեցին, այլ կար 2 ծրագիր՝ առաջինը՝ Հյուսիսային գլխավոր պողոտան, և մեկ ուրիշ երևույթ՝ օրինակ, Փակ շուկան, Աճառյանի դպրոցը: Այսինքն՝ հիմնականում քանդվել են գերակա հանրային շահի հասկացողության տակ: Ընդ որում, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ բոլոր գործողությունները կատարվել են ՀՀ սահմանադրության խախտմամբ»:
Ս. Բաղդասարյանը շեշտեց, որ Աֆրիկյանների տունը 2002 թվականին կառավարության որոշմամբ անհասկանալի ձևով ընդգրկվել է Հյուսիսային պողոտայի տարածքում. «Եվ 2005 թվականին Երվանդ Զախարյանի որոշումով արդեն դա դառնում է ոչ թե Հյուսիսային պողոտա, այլ Աֆրիկյանների տունը դառնում է գլխավոր պողոտայի իրացման ծրագիր, և այդտեղ պետք է կառուցվեր բազմաբնակարան 12 հարկանի շենք, ու քաղաքապետարանը տալիս է թույլտվություն: Ես ձեզ փաստեր եմ բերում: Աֆրիկյանների ճակատագիրը որոշվեց 2002 թվականին, այն պետք է նպատակային իրացվեր, ու այդպես էլ եղավ»: