Սահմանադրական ճանապարհով գնալու այլընտրանքը համակերպվելն է կամ արյունահեղությունը

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ

– Հունիսի 21-ին, երբ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած նախագիծը, քառյակի ներկայացուցիչները լքեցին Նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ այդ նստաշրջանը և դրանում ընդունված օրենքների վավերականությունը վիճարկելու հարցով: ՍԴ դիմումն արդեն ուղարկվե՞լ է:

– Քառյակը հայտարարություն տարածեց, որով գնահատեց, որ օրենսդրական փաթեթը չի ընդունվել, և այն անվավեր է: Այդ պնդումը հիմնված էր հետևյալ կարևոր փաստերի վրա. օրենսդրական փաթեթը ներկայացվել էր ԱԺ կանոնակարգ-օրենքի և «Իրավական ակտերի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով, և այն քննարկման դրվեց ԱԺ-ում և անցկացվեց նույն Կանոնակարգ-օրենքի ընթացակարգերը նկարագրող հոդվածների ամբողջական խախտումներով: Ինչպես հայտնի է, սա բավարար հիմք է ՍԴ դիմելու և այդ կարգով ընդունված օրենքները Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար: Երկրորդ կարևոր հիմնավորումն այն է, որ բովանդակային առումով ևս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն իր մեջ պարունակում է տարրեր, որոնք ՍԴ-ի կողմից արդեն իսկ ճանաչվել են հակասահմանադրական և անվավեր:

Այս հիմնավորումներով մենք պատրաստում ենք ԱԺ նախագահին ուղղված պաշտոնական գրություն, որտեղ մանրամասնորեն ներկայացրել ենք և ընթացակարգային, և բովանդակային մասով կատարված խախտումները, և հույս ունենք, որ ԱԺ ղեկավարությունը կներկայացնի հակափաստեր կամ կընդունի մեր մեղադրանքները: Մեր պաշտոնական գրության մեջ առաջարկ է ներկայացվելու ԱԺ ղեկավարությանը և մեծամասնությանը, որ ընդունելով այս խախտումները` ԱԺ-ն ինքը հանդես գա հակաօրինական ընթացքով ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործողությունը կասեցնելու նախաձեռնությամբ:

– ԱԺ ղեկավարությունը ե՞րբ կստանա ձեր պատրաստած պաշտոնական գրությունը:

– Կարծում եմ՝ առաջիկա 15 օրվա ընթացքում այն պատրաստ կլինի և կուղարկվի ԱԺ ղեկավարությանը:

– Ենթադրվում է, որ դուք կսպասեք` մինչև ԱԺ ղեկավարությունը կմերժի օրենքը կասեցնելու ձեր առաջարկը, որից հետո միայն կդիմեք ՍԴ:

– Խնդիրը մերժել-չմերժելը չէ, ուղղակի մենք ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրությամբ ներկայացնելու ենք մեր հիմնավորումները, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի: Կարծում եմ, մեր պաշտոնական գրությունից հետո ԱԺ ղեկավարությունը 10 օրվա ընթացքում կարձագանքի: Սա ընդամենը ընթացակարգային խնդիր է, որից հետո կպատրաստվի ՍԴ ներկայացվող դիմումը:

– ԱԺ նախագահը հունիսի 21-ին հայտարարեց, որ իր գործողություններն օրինական են, այդքանից հետո չե՞ք կարծում, որ անիմաստ է ևս մեկ անգամ դիմել նրան:

– Մեր դիմելը նպատակ չունի քաղաքական մեծամասնությանը վերադարձնել քրիստոնեական ակունքներին, այլ մեկ անգամ ևս փաստել արձանագրված խախտումները: Մասնավորապես՝ ի՞նչն էր խանգարում, որ արտահերթ նստաշրջանի անցկացման և օրենքների քննարկման ընթացակարգերը կազմակերպվեին այնպես, որպեսզի հանրային լսումներ լինեին, որպեսզի հանրային կարծիքը հաշվի առնվեր: Չէ՞ որ հունիսի 18-ին հրավիրված արտահերթ նստաշրջանը ժամկետային որևէ սահմանափակում չուներ:

Մինչդեռ հունիսի 21-ին աննախադեպ բան տեղի ունեցավ Հայաստանի պառլամենտի պատմության մեջ, երբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում երեք ընթերցումով անցկացրեցին մի օրենքի նախագիծ, որին, ըստ պաշտոնական կարծիքի՝ ոչ միայն հանրության 80 տոկոսն էր դեմ, այլ նաև չէր բավարարում իրավական, մասնագիտական որևէ պահանջի:

– Սկզբում տպավորություն կար, որ կառավարությունը հակված է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի փոփոխությունները համաձայնեցնել քառյակի հետ. վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց քառյակի նիստին, Դուք երկու անգամ եղաք կառավարությունում: Բայց հետո կառավարությունը խորհրդարան բերեց իր կողմից ստեղծված տարբերակը և այն «չորով» անցկացրեց: Ո՞րն էր տրամադրության նման կտրուկ փոփոխության պատճառը:

– Նախ՝ այն հրապարակային պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել կառավարության և ԱԺ մի քանի խմբակցությունների միջև, խախտվեց կառավարության կողմից: Ըստ այդ պայմանավորվածության՝ խմբակցությունները պետք է ներկայացնեին իրենց թեկնածուներին, ովքեր պետք է ներգրավվեին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարող աշխատանքային խմբում: ՀՅԴ-ն տվել էր չորս թեկնածու, բայց նրանք ոչ միան չներգրավվեցին այդ աշխատանքային խմբում, այլև այդ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու որևէ հրավեր չեղավ: Բացի այդ, կառավարության ղեկավարի մոտ հրավիրվել է երկու քննարկում և այն էլ՝ իրենց պատկերացրած փոփոխությունները ներկայացնելու առումով: Եվ այդ քննարկումների ժամանակ մենք ներկայացրել ենք մեր անհամաձայնությունը և ՍԴ որոշումներից բխող մեր առաջարկությունները: Այդ ժամանակ որևէ մեկիս մտքով չէր անցնում, որ կառավարությունը կմերժի մեր առաջարկները և իր առաջարկները կանցկացնի նման կացնային մեթոդներով:

– Ինչո՞վ եք բացատրում տրամադրության նման փոփոխությունը:

– Ողջամտության սահմաններում չեմ կարողանում հասկանալ դրա պատճառները, բայց վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանով փորձ արվեց լուծել միանգամից մի քանի խնդիր: Առաջինը՝ քաղաքական հանդարտության ապահովումն էր, և այդ պատճառով փորձ է արվում ներկայացնել, որ տարիքային տարբեր խմբերի համար տարբերակված լուծումներ են ներկայացված: Նման հապճեպության պատճառ կարող էր լինել այն, որ սրանով լուծվելու էին բյուջեի հետ կապված խնդիրները: Սակայն, անկախ այդ պատճառաբանություններից կամ կառավարության կողմից նման հապճեպություն դրսևորելու շարժառիթներից՝ նման մոտեցումը բացարձակապես ընդունելի չէ մեզ համար, և մենք ներկայացրել ենք մեր անհամաձայնությունը:

– Քառյակը հիմա գնում է քաղաքական ճանապարով: Ի՞նչ եք կարծում՝ այս հարցի լուծմանը կարելի է հասնել իրավակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհով:

– Նախ` մենք փորձում ենք սահմանադրական պայքարի շրջանակը պահել: Սահմանադրական պայքար նշանակում է` զուգակցել իրավականը փողոցային պայքարի հետ`քաղաքացիների անհնազանդությունը և քաղաքացիների ընդվզումը: Պատահական չէ, որ «Դ!եմ եմ» շարժման աջակցությունը քառյակին և հակառակը՝ քառյակի աջակցությունը «Դ!եմ եմ» շարժմանը եղավ այն, որ մենք ստացանք ՍԴ-ի որոշումը: Սա համատեղ պայքարի արդյունք էր: Մենք հայտարարում ենք, որ սա ոչ փողոցի, ոչ քառյակի հաղթանակը չէր, սա ժողովրդի հաղթանակն էր, որը ձեռք բերվեց համատեղ պայքարի շնորհիվ և պետք է օգտագործվեր ճիշտ ձևով՝ երկիրն այս փակուղային վիճակից դուրս բերելու համար: Բայց իշխանությունը չգնահատեց սա և ընտրեց հակառակ ճանապարհը:

Մենք հիմա ասում ենք, որ մեր պայքարը ճիշտ է եղել, բայց այն պետք է շարունակել և պետք է հետևողական լինել: Դրա համար ես ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, բոլոր այն երիտասարդներին, ովքեր պայքարեցին «Դ!եմ եմ» շարժման շրջանակներում, որևէ մեկի մտքով թող չանցնի, որ պայքարն ավարտվել է, պայքարը նոր որակ ու թափ է ստացել: Կարող է` լինեն մարդիկ, ովքեր մտածեն, որ՝ լավ, օրենքն իրենց վրա միայն 2017 թվականից է տարածվելու, և մինչ այդ իրենք կարող են հանգիստ լինել, երբ ժամանակը գա, այն ժամանակ նորից ոտքի կկանգնենք: Համոզված եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, որովհետև պայքարը հաջողություն արձանագրեց, երբ այն միասնական էր, ամբողջական էր:

Այնպես որ, պայքարը պետք է նույն ուժով, նույն թափով շարունակել: Ինչի՞ց վախեցավ և ընկրկեց իշխանությունը. նա տեսավ, որ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը կարողացան գնալ սահմանադրական ճանապարհով: Բայց իշխանությունը պատրաստ չէր կատարելու Սահմանադրական դատարանի որոշումները: Հիմա մեր խնդիրն այն է, որ մենք կարողանանք պարտադրել իշխանությանը` գործել օրենքի դաշտում, Սահմանադրության դաշտում: Սրա այլընտրանքը կա՛մ համակերպվելն է ստեղծված իրավիճակին, ինչին ես բացարձակապես համաձայն չեմ, կամ՝ կա երկրորդ տարբերակը` արյունահեղությունը, ինչը ևս ընդունելի չէ: Այսինքն՝ պետք է շարժվել բացառապես սահմանադրական ճանապարհով պայքարը տանելու միջոցով:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս