«Այս խճճված և քողարկված երանգներ կրող հակամարտության մեջ անշուշտ իր վճռական խոսքը պետք է ասի նաև Հայաստանի Հանրապետությունը»
Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ թուրք-իրանական հակամարտությունը ակնհայտորեն ավելի է լարվում։ Մերձավոր Արևելյան զարգացումներին զուգընթաց դրա ուղղակի թե անուղղակի դրսևորումները երևում են նաև Հայաստանի և մասնավորապես՝ Նախիջևանի հիմնախնդրի շուրջ։ Սա պայմանավորված է հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած հատուկ քաղաքականությամբ։ Մինչ Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած յուրատեսակ տնտեսական և քաղաքական էքսպանսիային անդրադառնալը, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա, որը դեռևս հավուր պատշաճի միջպետական փոխհարաբերություններում ուղղակիորեն քննարկման չի դրվել, բայց դարձել է Ադրբեջանի վրա անուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։ Խնդիրն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ընդհակառակը՝ այդ ժամանակաշրջանն ընդունեց որպես խորհրդային Ռուսաստանի կողմից իրենց հայրենիքի օկուպացում։
Դրան զուգընթաց նորանկախ Ադրբեջանի իշխանությունները իրենց հայտարարեցին 1918 թվականին ստեղծված Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդները, որի սահմանները մինչև խորհրդային կարգերի հաստատումը չեն ճգրտվել և չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, այդ երկրամասը անգլիական, իսկ ավելի ուշ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջև վիճելի տարածք։ Այսինքն, ադրբեջանական իշխանությունները չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չեն ընդունում նաև Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջևանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանի խնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։ Տարիների ընթացքում Ադրբեջանի Խորհրդային իշխանությունները հետևողականորեն խախտեցին Կարսի պայմանագիրը և Նախիջևանին տվեցին դրա սկզբունքներին հակասող կարգավիճակ։ 1990 թվականին ադրբեջանական իշխանությունները, լավ գիտակցելով միջպետական պայմանագրի խախտման ակնհայտությունը, փորձեցին խուսափել դրա պատասխանատվությունից` հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելու հանգամանքից, բայց դրանով հանդերձ ընկան բոլորովին այլ ծուղակի մեջ, քանի որ Նախիջևանի երկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։
Իսկ նորանկախ Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը՝ իրենց հայտարարել են Խորհրդային Հայաստանի իրավահաջորդները, ընդունում են Կարսի պայմանագիրը և ապագայում կարող են պնդել դրա կետերի իրականացման համար։ Միայն ավելացնենք, որ խնամակալություն եզրը արմատապես տարբերվում է ենթակայություն եզրից և դա հնարավոր է դնել վերանայման, քանի որ խնամակալությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Փաստորեն ներկայումս Նախիջևանը գտնվում է Ադրբեջանի կազմում առանց որևէ իրավական հիմքի և փաստորեն օկուպացված է։
Միակ խոչընդոտը Թուրքիան է առաջադրում` պնդելով Նախիջևանի վերաբերյալ Մոսկվայի պայմանագրի վրա։ Բնականաբար այդ պայմանագիրը անդրկովկասյան հանրապետութուններին վերաբերող հոդվածների մասով կորցնում է իր վավերականությունը առանց Կարսի պայմանագրի։ Վերոհիշյալ փաստարկները լավ գիտակցում են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը ու հարկ եղած դեպքում օգտագործում են պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ գործադրելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այս պարագայում լավագույն վերլուծությունը լռությունն է, քանի որ նրանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։
Եթե փորձենք վերլուծել Նախիջևանի ժողովրդագրական իրավիճակը հետխորհրդային շրջանում, ապա պարզ նշմարվում է, որ Ադրբեջանը և նրա անկլավ հանդիսացող Նախիջևանը բոլորովին տարբեր հետաքրքրություններ ունեն։ Երկրամասի բնակչությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում և մեծ թիվ է կազմում արտագաղթը՝ հատկապես դեպի Հյուսիսային Իրան, Ռուսաստան և Թուրքիայի արևելյան նահանգներ։
Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը բազմիցս նշել է, որ Նախիջևանից հեռացողները այլևս չեն վերադառնալու, քանի որ զարգացման ոչ մի հեռանկարներ այլևս չեն տեսնում։ Կարելի փաստել, որ այնտեղ ստեղծվել է «իրանական բավականին ազդեցիկ կուսակցություն» և հատկապես շիա իսլամի ազդեցության մեծացում, որի լայնածավալ քարոզչության արդյունքում տեղի բնակչության շրջանակներում փորձում են արմատավորել նրանց՝ որպես առանձին էթնոսի առանձնահատկությունները։
Այս գործընթացները տեղի բնակչության մեջ ձևավորում են Ադրբեջանից անջատվելու, Հայաստանի հետ բաց սահման ունենալու և տարանցիկ առևտրի կենտրոն դառնալու պահանջները, որի արդյունքում, անշուշտ, երկրամասը դուրս կգա այդ ծանր սոցիալ-տնտեսական և մեկուսացված իրավիճակից։ Երկրամասում թուրքական կողմնորոշում ունեն միայն իշխանության որոշ ներկայացուցիչներ, մի խումբ զինվորականներ և վերջինիս հետ առևտուր իրականացնող բնակչության մի փոքրիկ հատվածը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Նախիջևանի գազամատակարարումը վերսկսվեց միայն 2005 թվականին՝ Ադրբեջանի և Իրանի նախագահներ Հեյդար Ալիևի և Ահմադի Նեջադի պայմանավորվածության արդյունքում։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը նույնպես կատարվում է Իրանի կողմից, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների ներկրումը։
Իսկ Թուրքիայի՝ Նախիջևանի հետ ունեցած տնտեսական կապերը սահմանափակվում են միայն երկրամասից հումք արտահանելով։ Փաստորեն, Նախիջևանը գոյատևում է առաջին հերթին Իրանի և Թուրքիայի հաշվին, իսկ Ադրբեջանի հետ ունեցած առնչությունը սիմվոլիկ բնույթ է կրում։ Այստեղ բոլոր ոլորտներում ակնհայտ է Իրանի ազդեցության մեծացումը։ Շատերի համար զարմանալիորեն երկրամասի նկատմամբ մեծացել է Չինաստանի հետաքրքրությունը, որն իր ներկայությունը հաստատեց այնտեղ ավտոհավաքման գործարան կառուցելով։ Հետաքրքրական է, որ թե՛ Իրանը և թե՛ Չինաստանը իրենց տնտեսական նախագծերը իրականացնում են Նախիջևանի համար սահմանված ծավալներից մի քանի անգամ ավել քանակությամբ։
Դա, ըստ երևույթին, բացատրվում է վերոհիշյալ երկրների կողմից երկրամասը տարանցիկ առևտրի կենտրոն դարձնելը չբացառելու միտումով։ Մեր խորին համոզմամբ միայն ադրբեջանական զորքերի առկայությունը թույլ չի տալիս երկրամասի բնակչությանը հռչակել իր անկախությունը, որը, բնականաբար, ժամանակի խնդիր է։ Եթե սրան ավելացնենք նաև վերջին շրջանում իրանական կողմի երկաթուղին բացելու ակտիվ նախաձեռնությունը, թուրքական զինվորականության ազդեցության ուժեղացումը և վերջին օրերի կրակոցները, ապա երկարատև հակամարտության խճանկարը պատրաստ է։ Այս խճճված և քողարկված երանգներ կրող հակամարտության մեջ անշուշտ իր վճռական խոսքը պետք է ասի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դա առաջին հերթին բխում է նաև նրա շահերից, բայց նմանատիպ նախաձեռնություն, ինչպես տեսնում ենք, դեռևս չկա և չի էլ նախատեսվում իշխող վերնախավի կողմից»։