Էրդողանն ու Ալիևը գաղտնի համաձայնագիր են կնքել՝ ընդդեմ իրենց ընդդիմադիրների. Yeni Müsavat
Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունները գաղտնի համաձայնագիր են ստորագրել ընդդեմ երկու երկրներում առկա ընդդիմության: Այդ համաձայնագիրն այնքան խորն է ու բազմակողմ, որ անհնար է ամբողջությամբ վեր հանել դրա արմատները:
2014 թվականի մարտի 30-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 4-ին ժամանեց Բաքու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկեց գյուլենականների դպրոցների փակման հարցը, ինչը և իրականացվեց հետագայում:
Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել են պայքարել իրենց ընդդիմադիրների դեմ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում անցկացված հակակոռուպցիոն գործողությունից հետո Էրդողանի համար թիվ մեկ ընդդիմադիր էր դարձել Ֆեթհուլլահ Գյուլենը:
Դրանից հետո Էրդողանը ցանկացել է վերահսկել նաև Ադրբեջանում գործող գյուլենականներին և Ալիևի միջոցով նա հնարավորություն է ստացել Բաքվից հետևել նրանց, այդ թվում նաև Թուրքիայի կառավարության հետ չկապված գործարարներին (լրատվամիջոցի բնորոշմամբ՝ նրանց թիվը փոքր չէ Ադրբեջանում):
Որպես պատասխան քայլ՝ թուրքական կողմն Ադրբեջանին է տրամադրել հետախուզական և գաղտնի տվյալներ: Մասնավորապես, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ու բանակի հետախուզական կառույցների արխիվներից հանվել են վերջին տարիներին Ադրբեջանին առնչվող փաստաթղթերը և հատկացվել ադրբեջանական կողմին:
Բացի այդ, Ադրբեջանի կառավարությունը, որը ժամանակ առ ժամանակ ճգնաժամային պահեր է ունենում Էրդողանի կառավարության հետ՝ կապված Հայաստանի հետ սահմանը բացելու նրա «հակվածության» հետ, նրան իրազեկել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում սպառնալիքի տակ կհայտնվի Թուրքիայում Ադրբեջանի կողմից 17 միլիարդ դոլարի ներդրումներ անելը: