Բաժիններ՝

Էլեկտրաէներգիան թանկանում է նախորդ կառավարության անպատասխանատու վերաբերմունքի պատճառով. Էդվարդ Սանդոյան

ՀՀ 105 հազար ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացումը մեղմելը լուրջ ազդեցություն չի ունենա և դա կարճաժամկետ լուծում է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը: Ըստ նրա՝ բնակչության որոշ խավի համար սուբսիդավորումը չի կարող երկարաժամկետ լինել և ամեն անգամ հնարավոր չէ սուբսիդավորել:

«Էլեկտրաէներգիան այնպիսի ծառայության տեսակ է, որ ազդեցություն ունի մնացած բոլոր ոլորտների վրա ևս: Բայց ավելի լավ է մի բան անելը, քան չանելը: Ինչի մասին է խոսքը: Եթե կա փոխհատուցման տարբերակ, ավելի լավ է անել»,- ասաց Է.Սանդոյանը:

Նրա կարծիքով՝ այլևս չեն կարող չթանկացնել, քանի որ նախորդ կառավարությունը թափթփված, անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել ոլորտում, ինչի արդյունքը սա է. «Հիմա պարտքեր են կուտակվել, ինչ անես: Այլ ելք չկա: Սրանք հետևանքներն են»:

Է.Սանդոյանի կարծիքով՝ Բաշխիչ ցանցերը ռուսաստանյան կառավարման ներքո է և կառավարչին փոխելը բարդ խնդիր է. «Չեմ կարծում, որ ՀՀ կառավարությունը հնարավորություն ունի մենջմենթի վրա ազդել, բայց քաղաքական գործիքներով կարող էին ազդակներ ուղարկել Ռուսաստան, եթե խոսքը վերաբերում է միայն ՀԷՑ-ին: Սակայն այստեղ հարցը բազմագործոնային է, բարդ թեմա է, միայն Բաշխիչ ցանցերը չեն, գազից սկսած, բազմաթիվ գործոններ կան: Ընդհանուր առմամբ՝ նախորդ էներգետիկայի նախարարության ապաշնորհ աշխատանքի արդյունքներն ենք քաղում: Սպասենք, տեսնենք նոր ղեկավարությունն ինչ կմտածի»:

Է.Սանդոյանի կարծիքով՝ այս պահին այլընտրանքային լուծումներ չկան, և միայն հետագա աշխատանքներում պետք է հաշվի առնել, որ այլևս նման խնդիրներ չծագեն: Նա նաև շեշտեց, որ ամբողջ տեղեկատվությունը պետք է թափանցիկ լինի. «Մենք հիմա խոսում ենք, ինչ-որ բաներից, բայց տեղեկատվության պակաս կա, ոչ մի տեղ չի հրապարակվում և չգիտենք, թե այնտեղ իրականում ինչ է կատարվում: Դա պետք է թափանցիկ, բացահայտ լինի, դրա մասին պետք է անընդհատ խոսվի, մարդիկ տեղյակ լինեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս