ՌԴ-ն ուժեղացրել է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը և հրաժարվում է ընդունել զինյալներին
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը փակել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող երեք միջազգային ավտոմոբիլային անցակետ և փորձում է թույլ չտալ իր տարածք զինյալների ներթափանցումն Ուկրաինայից:
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է Ռոստովի մարզում գտնվող «Գուկովո», «Դոնեցկ», «Նովոշախտինսկ» անցակետերի մասին:
Լիսենկոն հավելել է, որ նախկինում զինյալներն անարգել անցել են այդ կետերով, մինչդեռ ներկայումս ռուսական կողմը ստեղծել է հատուկ ամրակետեր՝ դրանք ուժեղացնելով ծանր զրահատեխնիկայով: