Ալեքսանդր Արզումանյան. Ինչ-որ ուժեր փորձում են մեզ ներքաշել պատերազմի մեջ
Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` ինչ-որ ուժեր փորձում են Հայաստանին և Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ:
Այսօրվա ասուլիսում նա ակնարկեց, որ Ադրբեջանին և Հայաստանին պատերազմի մեջ փորձում է ներգրավել Ռուսաստանը` ձգտելով իրականացնել վերջին 20 տարվա իր ծրագիրը` խաղաղարար ուժեր մտցնել տարածաշրջան:
Ալեքսանդր Արզումանյանին խնդրեցին մեկնաբանել վերլուծական շրջանակներում շրջանառվող այն տեսակետը, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը կապված է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների և Մոսկվայի ցանկության հետ` Ադրբեջանին ևս ներգրավել եվրասիական ծրագրի մեջ, ինչին ի պատասխան նա հայտարարեց. «Ես կասեի, որ դա կարծիք չէ, այլ փաստ է, և դա ցույց են տալիս բոլոր վերջին զարգացումները, նաև այն գործընթացները, որոնցով մեզ և Ադրբեջանին փորձում են ներգրավել պատերազմի մեջ: Չեմ կարծում եմ, որ Հայաստանը շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Ինչ-որ ուժեր, ինչ-որ խաղացողներ փորձում են մեզ ներքաշել պատերազմի մեջ, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»:
Անդրադառնալով ադրբեջանական ուժերի վերջին սադրանքներին` նա նշեց հետևյալը.
«Մենք ամեն օր երիտասարդներ ենք կորցնում սահմանում: Փառք Աստծո, մեր տղաները կարողանում են անառիկ պահել մեր սահմանները, բայց բացի մեր բանակի ոգին ամուր պահելուց` այստեղ աշխատանք ունի անելու մեր դիվանագիտություն, որպեսզի սևեռի միջազգային հանրության ուշադրությունը: Այս դեպքերն արդեն վտանգավոր և շարունակական բնույթ են կրում և ներքաշում են նաև Նախիջևանի հանրապետությունը, որը գոնե վերջին տարիներին խաղաղ էր: Ո՞վ է ուղղորդում: Ես չեմ կարծում` Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի: Լեռնային Ղարաբաղի բանակը պարտադրել է Ադրբեջանին զինադադար ստորագրել, և այն պահին, երբ Ադրբեջանը կզգա, կունենա ներքին վստահություն, որ պատրաստ է ռազմի դաշտում լուծելու հարցը, անպայման անելու է, և մենք դրան միշտ պատրաստ ենք եղել: Պարզապես իմանալով բանակների վիճակը` չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր պատրաստ է ռազմական խնդիրներ լուծել: Ուրեմն կան ուժեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղորդում են Ադրբեջանին»:
Ի դեպ, Հայաստանի նախկին գլխավոր դիվանագետը չի կասկածում, որ Ռուսաստանն օգտագործում է ղարաբաղյան հարցը ռուս-ադրբեջանական բանակցություններում` Ադրբեջանին շահագրգռելու համար, սակայն դա ոչ թե անբարոյականություն է համարում, այլ քաղաքական պրագմատիզմ:
«Երբ մենք տարիներ շարունակ ասում ենք, որ մեր ինքնիշխանությունը վտանգված է, և մենք շատ բան ենք զիջում թեկուզև ամենակարևոր գործընկեր Ռուսաստանին, դա նկատի ունենք, որ Ռուսաստանը (դա ցույց է տվել մեր երկուհարյուրամյա փորձը) ինչ-որ պահից սկսում է մեզ ընկալել որպես մանրադրամ` իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար: Այս պարագայում չեմ կասկածում, որ Ռուսաստանը հանգիստ խղճով պատրաստ է քննարկել Ղարաբաղի ճակատագիրը, Ղարաբաղի ապագան Ադրբեջանի` Եվրասիական միություն մտնելու հարցի համատեքստում: Եվ ես դա անբարոյականություն չէի համարի: Ռուսաստանը սպասարկում է իր շահերը: Մենք պետք է գիտակցենք, որ լինում են դեպքեր, որքան էլ դա պարադոքսալ հնչի, որ հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը միշտ չէ, որ համընկնում են ռուսաց պետականության շահերի հետ: Եվ մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: