Դա քամի է. Արամ Մանուկյանը՝ հոսանքի թանկացման ազդեցությունը մեղմելու մասին
«Խոսվում է միզեռ թվերի մասին: Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, իսկ այդ խոստումը մի փոքր մասին է վերաբերում: Գազի դեպքում էլ նույնն էր: Դա քամի է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը Հովիկ Աբրահամյանին՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Ըստ նրա՝ եթե անգամ 105 հազար ընտանիքի աջակցություն տրամադրվի, դա էական չէ, քանի որ էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է շղթայական ռեակցիայի և համատարած գնաճ է լինելու:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտված մարմին է, քանի որ այն միայն քաղաքական պատվեր էր կատարում:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ամսական 200 կվտ/ժամի մասին է խոսքը, այսինքն՝ ամսական մեկ ընտանիքին հազար դրամ է բաժին ընկնելու, իսկ դրանով չի սփոփվի սակագնի աճը: Պատգամավորի կարծիքով՝ դա մասնակի լուծում է, բայց պետք է համակարգային լուծում տալ: Նա նշեց, որ անապահով խավ ասվածը հարաբերական է, քանի որ իրենց կարծիքով անապահով է հասարակության 70-80%-ը, և այդ առումով պետք է բոլորովին այլ ծավալների մասին խոսել. «Անգամ այս պահին նրանք, ովքեր աղքատ չէին, հետո են հայտնվելու աղքատի կարգավիճակում»:
Ա. Մանուկյանը համոզվածություն հայտնեց, որ այս թանկացումը կարելի է չանել, բայց իշխանությունը չի գնա դրան (ետ չի կանգնի իր մտքից). «Թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Անհույս լավատեսություն է, որ իշխանությանը համոզենք, բայց մենք կփորձենք: Կա ՍԴ դիմելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորություն, բայց այս պահին դեռ չենք քննարկել անելիքը»:
Մանուկյանը շեշտեց, որ ցնցումների գնալու ցանկություն չունեն և իրենց ցանկությունն է, որ կառավարությունը գա խոհեմության դաշտ: