Արմեն Մարտիրոսյան. «Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը նշանակում է, որ խորհրդարանի պատերից այդ համագործակցությունը պետք է դուրս գա»
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե մինչ կուսակցության համագումարը լրահոսը հարուստ էր «Ժառանգության» մասին կեղծ տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, կուսակցությունում պատերազմական իրավիճակ է, նոր ռուսամետներ են հայտնվել կուսակցությունում…
Սակայն, ըստ նրա՝ համագումարը ցույց տվեց, որ իրականությունը բոլորովին այլ է:
Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն վարչությունում վերընտրվեց, այլ նաև վարչության նախագահն է, իսկ ինքը՝ դարձյալ կուսակցության փոխնախագահն է, քարտուղարը Գայանե Աբասյանն է, մամլո խոսնակը՝ Դավիթ Սանասարյանը, միջազգային հարաբերությունների քարտուղարը՝ Զարուհի Փոստանջյանը:
«Քաղաքական այն կուրսը, որն ունեցել է «ժառանգությունը», չի փոխվել: Միանշանակ մենք մնում ենք Հայաստանակենտրոն քաղաքական ուժ: Մենք ընդունում ենք եվրոպական արժեհամակարգը, գտնում ենք, որ Հայատսանը եվրոինտեգրման ուղղությամբ պետք է շարժվի, մենք կողմ ենք Ռուսաստանի, Միացյալ նահանգների, Չինաստանի, Իրանի հետ խորը հարաբերություններին, մեր հարևան Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին»,- ասաց նա:
Ա.Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք ողջունում են խորհրդարանում 4 ուժերի համագործակցությունը և շարունակելու են այն, բայց նաև ցանկություն ունեն, որպեսզի խորհրդարանի պատերից դուրս գա այդ համագործակցությունը. «Դա պետք է լինի ավելի լայն համագործակծություն, որտեղ պետք է ներգրավված լինեն ինչպես խորհրդարանական ուժերը, այնպես էլ՝ հասարակական դաշտի ներկայացուցիչները, և այդ բոլորով մենք կկարողանանք հասնել արմատական իշխանափոխության»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞վ է պայնամավորված, որ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց իշխանափոխության հարցը, բայց մինչ Զարուհի Փոստանջյանի Հայաստան վերադառնալը Ռուբիկ Հակոբյանը չէր բարձրաձայնում այդ մասին, և այն, որ քառյակի կետերում իշխանափոխության պահաջ չկա, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե կուսակցությունում բացարձակ տարակարծություն չկա. «Որովհետև մեր կուսակցության ներսում էլ շատ դժվար որոշումների կայացման մեխանիզմ է լինում: Պարզ է, որ այդ 12 կետերը, որոնք ընդունվել են, դրանք բոլորի կողմից փոխհամաձայնության, փոխզիջման արդյունք են: Ոչ միայն մենք, այլև ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունների մեր գործընկերներն արմատական փոփոխությունների կողմնակից են:
«Բարգավաճ Հայաստանի» մեր գործընեկերները ոչ մեկ անգամ են նշել, որ չքննարկվող հարց գոյություն չունի, բոլոր հարցերն էլ կարելի է քննարկել, և ինչ-որ մի պահի ընդունել: Այնպես որ՝ տարակարծություն տեսնել, առավել ևս «Ժառանգության» ներսում, կարծում եմ՝ ճիշտ չէ»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ քառյակ գոյություն չունի, Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլինի, որ մենք խոսքի ընդհանուր տրամաբանությանը հետևենք. «Այսինքն՝ Զ. Փոստանջյանը ևս կարծում է, որ խորհրդարանի պատերից այդ համագործակցությունը պետք է դուրս գա, և, ավելի մեծ համագործակություն լինելով՝ բերի արմատական իշխանափոխության»: