ԵԱՀԿ-ը դատապարտել է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ռազմական ագրեսիան
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ-ը երեկ իր աջակցությունն է հայտնել ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինի հեղինակած բանաձևի նախագծին, որը դատապարտում է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 92 պատվիրակ, դեմ՝ 30-ը, ձեռնպահ է մնացել 27-ը:
Բանաձևում մասնավորապես դատապարտվում է Ռուսաստանի կողմից Հելսինկյան սկզբունքների ակնհայտ և կոշտ խախտումն Ուկրաինայի հանդեպ, ինչն առնչվում է նաև նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Բանավեճերի ժամանակ բանաձևի նախագծում տեղ է գտել այն ուղղումը, որն առնչվում է Ուկրաինայի տարածքի օկուպացման դատապարտմանը:
Բացի այդ, բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից ռազմական ագրեսիան ու հարկադրման տարբեր ձևերը՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության խաթարմանը: Բանաձևի համաձայն, ԵԱՀԿ-ը լեգիտիմ չի համարում 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն և մասնակից բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ճանաչելուց: