ISIL-ի զինյալները Սիրիայում ձեռք են բերել Scud բալիստիկ հրթիռ և գրավել են սահմանային Աբու Քամալ քաղաքը
Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) արմատական խմբավորման զինյալները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է բալիստիկ հրթիռ: Զինյալները համապատասխան լուսանկարներ և տեսանյութ են տեղադրել համացանցում:
Դրանցում երևում է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում նրանց ձեռքում է հայտնվել Р-17 (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Scud) հրթիռը, որոնք նրանք տեղափոխել են խորհրդային կամ ռուսական արտադրության բեռնատարով: Հայտնի չէ, թե արդյոք այն սպառնալի՞ք է ներկայացնում:
Բացի այդ, զինյալները տեղադրել են լուսանկարներ, որոնցում նրանք վստահեցնում են, որ պատկերված են Մոսուլում Իրաքյան բանակից խլած ամերիկյան M198 հաուբիցներ: ISIL-ը նաև իր վերահսկողությունն է հաստատել սիրիա-իրաքյան սահմանին ընկած Աբու Քամալ քաղաքի վրա:
Դա տեղի է ունեցել «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալների դեմ եռօրյա թեժ մարտերից հետո: ISIL-ը հաղթանակ է տարել Իրաքից ժամանած համալրումից հետո: Ներկա դրությամբ մարտերն ընթանում են Աբու Քամալից 100 կիլոմետր հեռավորության վրա ընկած Շխեյլ քաղաքում, ուր տեղակայված է «Ջաբհաթ ալ-Նուսրայի» բազան: