Էլեկտրաէներգիան թանկացավ՝ ՀԾԿՀ անդամների միաձայն որոշմամբ
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, անտեսելով հանրության և քաղաքական ուժերի կոչերը՝ հետաձգել էլեկտրաէներգիայի սակագնի քվեարկությունը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրեց քվեարկության և այն ընդունվեց միաձայն:
Նախքան քվեարկությունը Նազարյանը նշեց, որ եթե հանրությունը մի բանին դեմ է, ասում են՝ պետք է կանգ առնել, բայց յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է իր գործը լավ կատարի և ճիշտ ազդակներ հաղորդի տնտեսության մյուս ճյուղերին, իսկ այս ազդակները ստացվել են ամիսներ առաջ, և լրջագույն հիմնավորում պետք է լինի ցանկացած հաշվարկում, այլապես խոցելի տեղեր կլինեն:
Նա կոչ արեց եթե կա ֆինանսավորման այլ աղբյուր, ՀԾԿՀ-ն կլսի և նախքան որոշումն ուժի մեջ մտնելը՝ օգոստոսի 1-ը, հարցը կվերանայվի:
«Իհարկե, սա սոցիալական բեռ է ավելացնելու, բայց այս հարցերը պետք է ուղղել այն պատկան մարմիններին, որոնք իրավասու են լուծել դրանք: Կայաններում չվճարումներ կան, վերջին 11 տարում նման բան չի եղել: Եթե անհրաժեշտ չլիներ, չեն հրավիրվի այս նիստը: Սպառողների նվազումը մտահոգիչ է, բայց անցած տարվա թանկացումից հետո էլէներգիայի սպառման աճ նկատվեց»,- ասաց Նազարյանը: