Իսրայելը 34 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան անցած գիշեր ավիահարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածում ընկած 34 թիրախի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ).
«ՑԱԽԱԼ-ը շարունակում է գործել վճռականորեն, որպեսզի վերականգնի Իսրայել պետության բնակիչների հանգիստ կյանքը: ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է և պատասխանատվություն է կրում Գազայի հատվածի տարածքում ահաբեկչական յուրաքանչյուր գործողության համար»
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով տուժել է 4 մարդ: Հարվածը հասցվել է այն բանից ժամեր անց, ինչ հայտնաբերվել են առևանգված երեք իսրայելցի դեռահասների դիակները: Հրեական կրոնական դպրոցի աշակերտներն անհետացել էին հունիսի 12-ին, Հեվրոն քաղաքից ոչ հեռու:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անչափահասների առևանգման պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ խմբավորման վրա: