Կռիվ Մաքսային միության «պտուղների» համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հասարակությունն արդեն վարժվել է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեն ձայնի կես տոնով անգամ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին հիշեցնելու Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների մասին:

Երբ Ադրբեջանը հերթական անգամ, և այս անգամ աննախադեպ ուժգնությամբ, հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է որ, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել և հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար:

Սակայն Սերժ Սարգսյանը չի անի ոչ մի այլ բան, որը կարող է բարկացնել Ռուսաստանին, չմտնել Ռուսաստանի պլանների մեջ, հակասել այդ պլաններին: Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին «հասկանալի» լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք իրենց չեն համարում իշխանական մեծամասնության մաս:

Չգիտես ինչու, նրանք էլ որևէ կերպ չեն բարձրացնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դաշնակցային պատասխանատվության և պարտավորությունների հարցը: Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը խորհրդարանում հանդիպում է ունեցել Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ և քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հնարավոր հեռանկարները:

Ո՞րն է այդ հանդիպման իմաստը, եթե Հայաստանում խորհրդարանական քաղաքական ուժերը՝ լինեն նրանք իշխանական, թե ոչ իշխանական, համարձակություն չունեն Ռուսաստանի առաջ Հայաստանի անվտանգության, Հայաստանի խաղաղ բնակչության գնդակոծման հարցը բարձրացնել և դնել ՀԱՊԿ-ի առաջ:

Եվրամիության հետ այդ ուժերի ի՞նչ հարաբերության մասին կարող է լինել խոսքը, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով հետաքրքրված մարդիկ, այդ թվում՝ հարգարժան դեսպանները, իրենց ժամանակը կարող են ծախսել այդ ուժերի հետ քննարկումների համար:

Հայաստանի խորհրդարանական ուժերը իրենց լռությամբ, իսկ շատերն էլ ուղղակի բաց տեքստով վավերացրել են Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական որոշումները, որոնք Հայաստանը տարել են դեպի Մաքսային միություն և հասցրել մի իրավիճակի, երբ երկիրն ըստ էության վերածվել է ՄՄ անդամների ու Ադրբեջանի համատեղ խաղի մեջ կիրառվող գնդակի:

Հայաստանյան խորհրդարանական ուժերին հետաքրքրում են բացառապես ներքին հարցեր, ըստ որում՝ բացառապես կապիտալի վերաբաշխման բնույթի, այսինքն՝ առանց համակարգային «վիրահատական միջամտություններ» ենթադրող ասպեկտների: Սրա վկայությունն էլ հայտնի 12 կետերն էին, որոնք 12 երկար ու ձիգ շաբաթների ընթացքում հաջողեցին հեղինակել:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը եթե նրանց դույզն-ինչ հետաքրքրեր, ապա սեպտեմբերի 3-ից մինչև այսօր մենք ականատես կլինեինք իշխանությունների արտաքին քաղաքականության հանդեպ թեկուզ մի փոքր բողոքի: Սակայն հասարակությունը ականատես է եղել հակառակին: Խնդիրը միայն դրված է հետևյալ կերպ՝ ով է քաղելու Մաքսային միության «պտուղները» Հայաստանի համար՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ ոչ իշխանական ուժերը:

Ըստ որում, այդ պտուղները ոչ թե Հայաստանն է ճաշակելու, այլ հենց իրենք, քանի որ Հայաստանին հասնելու է միայն դառը կորիզը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս