Հայաստանի անունը կա, իսկ Հայաստանը՝ չկա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար:
Այդ ժամկետը սահմանվեց այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց Ալիևի պահանջի մասին՝ Հայաստանին ընդունել ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով:
Դրանից հետո Պուտինը հայտարարեց այդ խնդիրները լուծելու համար մեկ ամիս ժամկետի մասին, որը լրանում է հուլիսի 1-ին այսինքն` այսօր:
Եվ այսօր, ըստ էության, կարող ենք ասել, որ ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որևէ կերպ, կամ ավելի ճիշտ զարգացել են ոչ թե Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու, այլ հակառակ ուղղությամբ, և այսօր մենք բախվել ենք մի իրավիճակի, որ մեկամսյա ժամկետի լրանալը կարող է նշանավորվել նոր ժամկետի ի հայտ գալով:
Առաջին հայացքից մենք կարող ենք սրանով գոհանալ` այն իմաստով, որ Եվրասիական միությանը չարաբաստիկ անդամակցությունը չի կայանում:
Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այս թեմայի ներքո զարգանում են ստվերային իրադարձություններ, որոնցում Հայաստանի խաղաքարտերը, Հայաստանի անունը կա, իսկ Հայաստանը՝ չկա:
Իսկ սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ Հայաստանի անվան շուրջ տեղի են ունենում տարբեր երկրների միջև գործընթացներ, որոնց Հայաստանը ոչ միայն չի մասնակցում, չի ազդում այդ գործընթացների վրա, այլ ուղղակիորեն սպասում է՝ հրամայված սպասում է, թե ինչ հանգուցալուծում կլինի և Ռուսաստանից ինչ ցուցումներ կգան ըստ այդ հանգուցալուծումների:
Մասնավորապես` այսօր բավական ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որոնցում ակնհայտորեն մանրադրամ է դարձել ղարաբաղյան հարցը, որը Ռուսաստանը կա՛մ որպես մանր վերադարձնելու է Ադրբեջանին, կա՛մ հանձնելու է որպես մրցանակ կամ գովասանագիր լավ պահվածքի համար»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։