Կարլ Բիլդտը Վրաստանին կոչ է արել շարունակել տնտեսության արդիականացումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հանդիպել է երկրում գտնվող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու Շվեդիայի երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև ապագա համագործակցության հեռանկարները: Բիլդտը ևս մեկ անգամ շնորհավորել է Գարիբաշվիլիին՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ:

Գարիբաշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Բիլդտին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրաինտեգրման գործընթացին ամուր աջակցելու համար: Բիլդտի խոսքերով՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն ու Վրաստանն անցում են կատարում ավելի կարևոր ու հուսադրող մակարդակի:

Բիլդտը վրացական կողմին կոչ է արել ակտիվորեն շարունակել տնտեսության արդիականացումը եվրոպական ուղղությամբ. «Բնականաբար, մշտապես կլինեն խնդիրներ ու մարտահրավերներ, սակայն ԵՄ-ն ընձեռում է շատ լուրջ հեռանկար»:

Բիլդտի խոսքերով՝ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Վրաստանում բարեփոխումների գործընթացների ակտիվացման հետ մեկտեղ կգրանցվի նաև տնտեսական աճ, ինչը մինչև 2017 թվականը կկազմի 5.5 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս