«Մասնակցելով Save Kesab քարոզարշավին՝ հայկական կողմը դարձավ սիրիական հակամարտության կողմ». «Ժամանակ»
«Ժամանակի» զրուցակիցն է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը:
-Պարոն Չետերյան, ամբողջ հայության ուշադրության կենտրոնում է Քեսաբն ու քեսաբահայությունը: Ձեր կարծիքով՝ որտե՞ղ պետք է փնտրել Քեսաբի հայության տեղահանության պատճառները, արդյոք այդ շրջանում Ռուսաստանի տեղակայած ռադիոտեղորոշիչ կայա՞նն էր պատճառը, թե՞ հայ բնակչությունն էր թիրախը:
-Քեսաբի մասին խոսելիս պետք է փոքր-ինչ տեղյակ լինենք սիրիական հակամարտության ամբողջ տրամաբանությանն ու զարգացման ընթացքին: Այդ տարածաշրջանում երկու տարի է՝ պատերազմական վիճակ է, գոնե մեկ տարի է՝ ինչ ընդդիմությունը Քեսաբի արևելյան լեռները վերցրել էր իր վերահսկողության տակ՝ որպես ռազմավարական շրջան, և, ինչպես որ ես գիտեմ, տարբեր ապստամբ զինյալ ուժեր ճնշման տակ էին Թուրքիայի կողմից, որպեսզի Քեսաբի ուղղությամբ գործողություններ չիրականացնեն, բայց թուրքական դիրքորոշումը վերջերս փոխվեց տարբեր պատճառներով՝ հիմնականը թուրքական ներքաղաքականության հետ էր կապված:
Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը տեղի ունեցավ Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ: Իմ կարծիքով՝ Քեսաբի գործողությունը պայմանավորված էր նրանով, որ իշխող կուսակցությունը կարիք ուներ ցույց տալու, որ իրենց կողմնակից սիրիական ուժերը հաղթանակ են արձանագրում Սիրիայում, քանի որ դրանից օրեր առաջ ընդդիմությունը մեծ պարտություն էր կրել այլ շրջաններում, ուստի նրանք այդ հաղթանակի կարիքն ունեին: Բայց այս ասելով, ես ընդգծում եմ, որ Քեսաբի գործողությունը հակահայկական չէր, պետք է հասկանալ Սիրիական հակամարտությունը թե ներքին, թե միջազգային ենթատեքստում:
-Այսինքն՝ Քեսաբի գրավումը ռազմավարական նշանակություն ուներ և կապ չունե՞ր քեսաբահայության հետ:
-Այո, միակ բանը, որ այս թեմայի շուրջ խոսելիս կարելի էր նշել, այն էր, որ թուրքական կողմը շատ զգայուն էր Քեսաբի հարցում տեղահանությունից առաջ, քանի որ իրենք ճնշումների տակ էին Քեսաբի շուրջ հատկապես սիրիահայության և Սիրիայի ասորիների վերաբերյալ: Նրանք չէին ցանկանում ևս մեկ ճնշման ալիքի տակ ընկնել և ուշադիր էին այդ հարցում: Հայերի այնտեղ գտնվելը պատճառ չէր հարձակման, ավելին՝ պատճառ էր, որ այդ հարձակումը գոնե մեկ տարի ուշացավ:
-Այս օրերի ընթացքում բավականին ակտիվ էր ռուսական քարոզչամեքենան և պրոպագանդան, որի արդյունքում լրատվամիջոցներում, որպես Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններ էին ներկայացվում դեռևս ամիսներ առաջ Հալեպում տեղի ունեցած ողբերգությունների կադրեր: Ի՞նչ նպատակով էր սա արվում և ինչպե՞ս ստացվեց, որ տրվեցինք այդ քարոզչությանը:
-Սիրիայի շուրջ երկու կողմերում էլ լուրջ քարոզչական պայքար կա՝ և ընդդիմության, և թուրքական կողմի: Երկու հայ տարեցներ անցել էին սահմանը, դա դարձել էր լուրջ պրոպագանդայի առարկա: Այնպես որ՝ պետք է զգույշ լինել, որովհետև Ռուսաստանը ևս չեզոք օբյեկտիվ գործոն չէ այդ հակամարտությունում, իրենք մասն են այդ հակամարտության, այնպես որ՝ միայն այդ աղբյուրների վրա պետք չէ հիմնվել ու հավատալ: Պետք է մի քանի աղբյուրների հետևել:
Օրինակ՝ առաջին օրերին նույնիսկ տեղեկություններ կային, որ սպանվել են 80 քեսաբահայեր, այսօր գիտենք, որ ոչ մի քեսաբահայ սպանված չէ: Այնպես որ պետք է զգույշ լինել դրանցից: Նպատակը շատ հստակ է՝ Ռուսաստանը կողմ է հակամարտությանը, սիրիական իշխանությունները կփորձեն հակամարտությունը ներկայացնել որպես արմատական իսլամիստների հարձակումը փոքրամասնությունների վրա, որ անշուշտ հատուկ բացատրություն է այդ հակամարտությանը:
Սիրիական հակամարտությունը շատ տարբեր աղբյուրներ և կողմեր ունի, և պետք է շատ զգույշ լինել, մանավանդ ամենավտանգավորն այն է, որ մասնակցելով այդ քարոզարշավին՝ հայկական մասը դուրս եկավ իբրև կողմ այդ կոնֆլիկտի, որը շատ վտանգավոր է:
-ԱԺ մի շարք պատգամավորներ անմիջապես մեկնեցին Սիրիա, հանդիպեցին ոչ միայն Լաթաքիայում ժամանակավորապես ապաստանած քեսաբահայերին, այլև Բաշար ալ Ասադին և դրանով իսկ կոտրելով շուրջ երկու տարի հայկական համայնքի ջանքերը չեզոքություն պահելու ուղղությամբ:
-Այո, սիրիական հակամարտությունը երկարաժամկետ հակամարտություն է, արդեն երեք տարի է, և չգիտենք, թե երբ այն կավարտվի, բայց մեկ բան կարող ենք ասել, որ տարիների հակամարտություն է: Որպես հայեր՝ մենք այնտեղ ոչ իշխանության հետ, ոչ ընդդիմության հետ կիսելու բան չունենք, իշխանությունը շատ վայրագ իշխանություն է, որ իր սեփական ժողովրդի հանդեպ վայրագ կերպով է վարվում, որևէ մեկ միջազգային, մարդկային, բարոյական, կրոնական նորմ չի հարգում, ընդդիմությունը՝ ևս:
Այս պայքարում միակ հաշիվը, որ մենք պետք է անենք, այն է՝ ինչպես ընդհանուր սիրիահայության անվտանգությունն ապահովել: Երկրորդը՝ պետք է բարոյական կեցվածք ունենայինք: Բարոյական կեցվածքում մենք շատ բացթողումներ ունեցանք, մեր ձայնը չի լսվել երբևէ Սիրիայում, նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ քաղաքացիներ էին ջարդվում ու սպանվում: Մեր ձայնը սկսեց լսվել, երբ Քեսաբի հարցն առաջացավ:
Սա շատ նուրբ հարց է: Մենք հաջորդ տարի պետք է նշենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցըը, բայց մենք ձայն ենք ունենում, երբ հայի հարց է բարձրանում, խոսում ենք համամարդկային արժեքների, իրավունքների մասին, բայց լուռ ենք և համամարդկային կեցվածք չենք ունենում, երբ իսկապես դրա կարիքն առաջանում է:
Մենք ուզում ենք, որ ողջ աշխարհը ճանաչի, որ հայերի հանդեպ ոճիր է կատարվել, երբ ուրիշի ցավը չենք հասկանում, եթե մենք ցանկանում ենք, որ ուրիշը մեր ցավը հասկանա, պետք է ուրիշի ցավը հասկանանք: Պատգամավորները հանդիպեցին Բաշար ալ Ասադին և այն բառապաշարը, որն օգտագործեցին, շատ նման էր սիրիական իշխանությունների հռետորաբանությանը և դա շատ մեծ սխալ էր:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք՝ «Ժամանակի» այսօրվա համարում։