«Ժառանգությունը» ևս ապրիլը հայտարարեց իշխանափոխության ամիս, բայց «վերից վար»
Չնայած «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցում է խորհրդարանական քառյակի կողմից միասնական քաղաքական օրակարգի ձևավորման աշխատանքներին և այդ սցենարի շրջանակներում քառյակի կողմից իրականացվող միջոցառումներին, սակայն որոշել է միաժամանակ իրականացնել իշխանափոխության սեփական սցենարը:
Ընդհանրապես ակնհայտ է, որ քառյակում որոշակի վերապահմամբ են ընդունում «Ժառանգությանը», որը որոշ հարցերի շուրջ ունեցած մոտեցումներով էականորեն տարբերվում է քառյակի մյուս երեք կուսակցություններից:
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ առավել ընդգծվեցին «Ժառանգության» և եռյակի տարբերությունները:
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես «արտահերթ իշխանափոխության» հիմնավորում, ներկայացրեց Հայաստանի «անընտիր իշխանությունների» կողմից մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայում քննարկված նախագծին դեմ քվեարկելը, որով չէր ճանաչվում մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի օրինականությունը: Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսպիսի քվեարկությունից հետո Հայաստանը և հայ ժողովուրդը կարող են մոռանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման մասին, կարող են մոռանալ Արցախի միջազգային ճանաչման մասին, կարող են մոռանալ ՀՀ անկախության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և մյուս այն արժեքների մասին, որոնք կապվում են արևմտյան քաղաքակրթության հետ:
Դրան հակառակ, ըստ նրա, Հայաստանում շարունակվելու են պետական հանցագործությունը և այն բոլոր արատները, որոնք առկա են նաև այժմ: Հանրահավաքի այլ մասնակիցներ այդ քվարկության արդյունք էին համարում այն, որ Հայաստանը հայտնվեց «իզգոյ» պետությունների շարքում, այնպիսի պետությունների, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Կուբան կամ Զիմբաբվեն:
Այսպիսով, «Ժառանգությունը» համարում է, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, պարտադրված է կատարել Ռուսաստանի կամքը, ինչի արդյունքում հայտնվել է «իզգոյ» պետությունների շարքում:
Այդ վիճակը փոխելու միակ ճանապարհը «Ժառանգությունը» համարում է իշխանափոխությունը:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանն ասում է, որ այս հրապարակը իրենցից պահանջում է իշխանափոխություն` «վերից վար», և դրա համար նա առաջարկում է կերտել միասնական հրապարակ: «Ազատության» հրապարակում երկարատև դադարից հետո ելույթ ունեցած ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ևս կարևորում է ամբողջական իշխանափոխությունը և հայտարարում է, որ իշխանափոխության պահանջը պետք է սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջից, և կոչ է անում. «Այս իշխանություններից պետք է ազատվել ամբողջապես»: Ա. Զուրաբյանը տարօրինակ և անընդունելի է համարում «ոչ իշխանական ուժեր» արտահայտության ի հայտ գալ, որը փոխարինել է ընդդիմությանը: Ըստ նրա, միայն ընդդիմությունը կարող է հստակ քաղաքական պահանջներ առաջադրել իշխանությանը և պայքարել այդ պահանջների իրականացման համար:
Այսպիսով, տարբերությունը «Ժառանգության» և քառյակի մյուս երեք կուսակցությունների` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, որոնք երբեք հստակ չեն խոսում Ռուսաստանի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, և ամբողջական իշխանափոխությունը հնարավոր են համարում միայն այն դեպքում, երբ կձախողվի մասնակի իշխանափոխությունը` կառավարության անվստահության գործընթացը, ակնհայտ է:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է միասնական հրապարակ ձևավորել, որին պետք է մասնակցեն բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատ քաղաքացիները:
Այսօրվա հանրահավաքին, որը Հովհաննիսյանն անվանում էր «նախահավաք», մասնակցում էր 500-700 մարդ:
Պարզ է, որ քառյակի մյուս կուսակցություններն իրենց կողմնակիցներին հրահանգել էին չմասնակցել «Ժառանգության» «նախահավաքին», որպեսզի այն հնարավորինս սակավամարդ ստացվի: Հովհաննիսյանը հենց դա նկատի ունենալով է ասում, թե իրենք երբեք որոշում չեն կայացրել, որ իրենց կուսակիցները չմասնակցեն որևէ հավաքի, և ընդհակառակը` հայտարարում է, որ իրենք առանց որևէ հրավերի մասնակցելու են բոլոր հավաքներին:
Հենց դա նկատի ունենալով է, որ նա կոչ է անում բոլորին` մասնակցել ապրիլի 4-ին Վանաձորում և Գյումրիում իրենց կազմակերպած «նախահավաքներին» և ապրիլի 9-ին «Ազատության» հրապարակի հավաքին, որով իրենք «Ազատության» հրապարակը դարձնելու են «իշխանափոխության հրապարակ»: Հովհաննիսյանը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ «Ազատության» հրապարակում իրենք հրապարակային երդման արարողություն կատարեցին, և իրենց երդումը մնաց անավարտ:
Արդյո՞ք քառյակի մյուս երեք կուսակցությունները կմիանան Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին և կմիանան նրա կողմից հրավիրված հանրահավաքին: Նման հնարավորությունը բացառվում է, քանի որ, ինչպես նշեցինք, եռյակի մոտեցումներն էականորեն տարբերվում են «Ժառանգության» մոտեցումներից, և բացի այդ ԲՀԿ-ն ինքն է հայտարարել իշխանափոխության միամսյակ սկսելու մասին և հրավիրել մյուս ուժերին միանալ իրեն: Միանալ «Ժառանգությանը»` նշանակում է` ընդունել նրա լիդերությունը, ինչին ԲՀԿ-ն, բնականաբար, չի գնա:
Կկարողանա եռյակն իր հետևից տանել «Ժառանգությանը», որպեսզի հանդես գա ոչ թե` որպես եռյակ, այլ քառյակ դաշինք: Դատելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունից, որ իրենք, նույնիսկ առանց հրավերի, մասնակցելու են բոլոր հավաքներին և հանրահավաքներին, կարելի է ասել, որ «Ժառանգությունը» չնայած եռյակի հետ իր ունեցած տարբերություններին, կշաարունակի նրանց հետ լինել: Եթե նրանց հետ չլինի, ապա կփչացնեն և կիզգոյացնեն: