Բաժիններ՝

«Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը ». Մարիամ Գևորգյան, կին, ով հաղթեց. medialab.am

medialab.am-ը գրում է. Խոշոր հանդարտ աչքերով Մարիամը դանդաղորեն ժպտում է՝ վեր հանելով խոշտանգումներից չարչրկված մաշկի հետևում թաքնված բնավորությունը:

«Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Գևորգյանը,-իսկ այժմ ձգտում եմ առաջ նայել` մտածելով, որ ամեն ինչ էլ մարդու համար է»:

Մոտ 5 տարի առաջ ամուսնանալով ու Սանկտ Պետերբուրգ գնալով` 20-ամյա Մարիամ Գևորգյանը չէր պատկերացնում, որ երազելու է հոր տան մասին: Նա հետ վերադարձավ այլազանված մարմնով ու խորը վախերով, որոնք մինչև այժմ էլ ամբողջությամբ չեն անցել:

«Նույն վախերը  դեռ էլի կան ու ինձ ապահով չեմ զգում,- «Մեդիալաբին»  ասում է  նա,- իրենք Արտաշատում են, ես մի գյուղ էն կողմ, ճանապարհին-բանին հնարավոր է տեսնեմ իրենց, ու քանի որ սպառնալիքներ են հնչում իրենց ազգականների կողմից` անկախ ամեն ինչից դու անհանգստանում ես»:

Ամուսնության տասն ամիսների ընթացքում Մարիամը պարբերաբար դաժանորեն ծեծվել ու խոշտանգվել է ամուսնու՝ Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի կողմից, որի արդյունքում մարմնի տարբեր հատվածներին պատառաքաղով ծակոցների ու արդուկի վառած հետքեր կան:

Մի կերպ փախնելով ու Հայաստան գալով՝ Մարիամը դիմում է գրում ոստիկանություն, հարուցվում է քրեական գործ:

Գործի քննության ընթացքում նա 3 դատաբժշկական փորձաքննություն է անցել տարբեր բժիշկների կողմից, որոնք բոլորն էլ հաստատել են, որ Մարիամի մարմնական վնասվածքները միայն խոշտանգումների հետեւանքով կարող են լինել:

Անցել է մոտ 3.5 տարի ու հետևում մնացած անտանելիության զգացողություններն աստիճանաբար փոխարինվում են թեթևությամբ:

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ գրասենյակում Մարիամը, ով այժմ աշխատում է ՀԿ-ին պատկանող կացարանում,  պատմում է իր պատմությունը` դառնության, հալածանքների, եւ պայքարի մասին:

«Խոսել և շարունակում եմ խոսել, որպեսզի իրենք պատասխան տան իրենց արածների համար»,- «Մեդիալաբին» ասում է նա,- Այն, որ նրանք ամբողջ Հայաստանով մեկ խայտառակ եղան` հոգեբանական բավարարվածություն է պատճառում:  Դա ամբողջությամբ այն չէ,  բայց գոնե որոշակի փոխհատուցում է»:

Մարիամը գյուղից է. Արարատի մարզի Տափերական գյուղից: Իսկ բոլորին հայտնի է, որ կանայք, հատկապես հեռավոր մարզերում, խուսափում են ամուսնալույծի կարգավիճակից:

«Որովհետև հանրությունում լուրջ կարծրատիպային վերաբերմունք կա ամուսնալուծված կանանց նկատմամբ այն ենթատեքստով, որ եթե ամուսնալուծված ես` ուրեմն անբարոյական ես,- «Մեդիալաբին» ասում է ՀԿ ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը,- մենք շատ կանայք ունենք, որոնք գտնվում են համարյա նույն կարգավիճակում, սակայն լռում են` ելնելով ամոթի զգացողությունից և  ամուսնալուծված լինելու փաստից, մինչդեռ Մարիամը որոշեց չլռել»:

Աննա Մուրադյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ medialab.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս