Ամանդա Փոլ. Եթե աշխարհի միակ գերտերությունը չի կարող Պուտինի դեմն առնել, էլ ո՞վ կարող է
Հարցազրույց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» («European Policy Centre») վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի հետ
– Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 4-ի ասուլիսը և նրա հայտարարությունները` Ուկրաինայի ճգնաժամի, նոր իշխանության, Յանուկովիչի և Ղրիմի խնդրի առնչությամբ:
– Պուտինի մամլո հայտարարությունը պարզապես Ռուսաստանի ռազմավարության հերթական քայլն է` փորձելու համոզել աշխարհին, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և երկրի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` էթնիկ ռուսների իրավունքների համար, և Մոսկվայի գործողությունները դրա պատասխանն են: Սա բացարձակ կեղծիք է և ճշմարտության կատարյալ խեղաթյուրում:
Ղրիմի էթնիկ ռուսների իրավունքները ոչ ոք չի ոտնահարել, և նրանք հարձակման չեն ենթարկվել ծայրահեղական ուկրաինացիների կողմից: Ղրիմը հատուկ կարգավիճակ ունի և Ուկրաինայի միակ ինքնավար հանրապետությունն է, և Ղրիմի ռուսներն ունեն բոլոր հնարավորությունները` օգտվելու իրենց իրավունքներից: Ռուսաստանի գործողությունների հետևանքով Եվրոպայում Սառը պատերազմից ի վեր ստեղծվել է ամենածանր քաղաքական ճգնաժամը, իսկ ռուսական հեռուստաալիքների իրականացրած խայտառակ քարոզչությունն ու տարածած սուտն ավելացրել են վախն ու լարվածությունը Ուկրաինայում, այդ թվում` արևելյան շրջաններում, որտեղ իրավիճակն այժմ չափազանց անկայուն է:
– Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում պնդում էր, թե Ղրիմի ռազմավարական կարևորագույն օբյեկտները, այդ թվում` օդանավակայանը և տեղի խորհրդարանի շենքը, գրավել են ոչ թե ռուսական զինված ուժերի ներկայացուցիչները, այլ «տեղի ինքնապաշտպանական ուժերը», որոնք, իր խոսքերով, կազմավորվել են Ղրիմի բնակիչների կողմից: Սակայն ուկրաինացիները, օրինակ` Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, հայտարարում են, որ ռուսական իշխանությունները մարդկանց մեքենաներով տեղափոխում են Ղրիմ և արևելյան շրջաններ` բախումներ հրահրելու նպատակով: Բոժկոյի խոսքերով` Պուտինի գլխավոր նպատակներից մեկն Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրությունները տապալելն է: Ձեր կարծիքով` ո՞րն է Կրեմլի իրական նպատակը, այն ռազմակա՞ն է, թե՞ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում:
– Ոչ ոք չի հավատում Պուտինի բացատրությանը, թե դրանք ռուսական զորքեր չէին: Կան բավականաչափ վկայություններ, որոնք ապացուցում են, որ դրանք ռուս զինվորներ են` ոչ միայն այն պատճառով, որ նրանց ձեռքին ռուսական զենք է: Ռուսաստանն անօրինական ձևով է իր զորքերը Սևաստոպոլի ռազմաբազայից տեղափոխել դեպի Ղրիմի բոլոր հատվածները, բացի այդ` Ռուսաստանից բերվել են հավելյալ ուժեր` նրանց օգնելու համար:
Ռուսաստանը բռնազավթող ուժ է, որը խախտում է միջազգային օրենքը և Ուկրաինայի հետ ստորագրված մի շարք անվտանգության համաձայնագրերը: Ղրիմի իրավիճակը ստեղծել, սադրել և շահարկել է Ռուսաստանը` Կրեմլի քարոզչական մեքենայի` հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների տարածած կեղծիքի և վախի համադրությամբ:
Իհարկե, Պուտինի նպատակը քաղաքական է: Յանուկովիչի և Ռեգիոնների կուսակցության այլ ռուսամետ տարրերի հեռանալուց հետո նա կորցրեց վերահսկողությունն Ուկրաինայի վրա, ուստի Ղրիմի էթնիկ ռուսներին օգտագործում է որպես գործիք` ապակայունացնելու իրավիճակը, սրա միջոցով նա ձգտում է փոխել Կիևի ղեկավարներին և նրանց փոխարեն նշանակել այն գործիչներին, որոնց Ռուսաստանը կհամարի իր շահերը պաշտպանող:
Մոսկվան ուղերձ է հղում միջազգային հանրությանը, թե ինքը թույլ չի տա հետխորհրդային տարածքում կանոններ սահմանել` առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու: Ռուսաստանը Կիևում ուզում է տեսնել այնպիսի կառավարություն, որը հաշվի կառնի ռուսական «շահերը»:
Հետևաբար, շատ կարևոր է, որ նոր ժամանակավոր կառավարությունն արագ աշխատի, որպեսզի «ընդգրկող» կառավարման միջոցով աջակցություն ստանա Ուկրաինայի բոլոր մարզերում, նոր կառավարությունը պետք է Ռուսաստանի հետ երկխոսության համար նշանակի լավ բանակցող և պատրաստ լինի Ղրիմին ինքնավարության անգամ ավելի բարձր աստիճան տալուն, և կնքի հուշագրի պես մի բան` երկրի միասնականության պահպանման վերաբերյալ:
– Հայ քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասաց, թե Խորհրդային Միության փլուզումից հետո, ի դեմս Ռուսաստանի, վերածնվում է «չարիքի կայսրությունը», որը նույնիսկ ավելի անկանխատեսելի է, քան ԽՍՀՄ-ը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
– Ճիշտն ասած` ես կարծում եմ, որ Պուտինը միանգամայն կանխատեսելի է: Բոլորին հայտնի են այն դրակոնային մեթոդները, որոնք նա օգտագործում է` իր նպատակներին հասնելու համար: Նա մնացել է Սառը պատերազմի հոգեբանության տակ, նա կարծես չի հասկանում, որ իր այդ մեթոդները մեծագույն հակակրանք և ատելություն են առաջացնում իր հանդեպ ինչպես` դրսում, այնպես էլ` Ռուսաստանի ներսում: Պուտինի ռազմավարությունն Ուկրաինայի նկատմամբ, փաստորեն, օգնեց Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը և ամրապնդեց Եվրամիության հավատարմությունն Ուկրաինային, և կարելի է ասել, որ Ռուսաստանը չի կարող կանգնեցնել Ուկրաինայի ընթացքն այս ուղղությամբ: Այսպիսի քաղաքականությամբ նա միայն մեկուսացնում է Ռուսաստանին և վնասում է իր երկրին:
Թեպետ Պուտինը ռացիոնալ մարդ չէ, նա համոզված է, որ ճիշտ խաղադրույք է կատարել և արժի մարտահրավեր նետել Արևմուտքին, քանի որ, իր համոզմամբ, նա կշռադատել և հաշվարկել է, թե Արևմուտքը որքան հեռու կարող է գնալ:
– Իսկ ինչպե՞ս ես պատկերացնում այս հակամարտության լուծումը` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի հսկայական ճնշումը Ռուսաստանի վրա:
– Առավել հավանական է, որ խնդիրը լուծվի բանակցություններով-դիվանագիտությամբ, քանի որ կողմերից որևէ մեկը ռազմական հակամարտություն սկսելու ցանկություն չունի: Մինչդեռ ԵՄ-ի կողմից նկատվում է տնտեսական սանկցիաներ կիրառելու և ռուսաստանյան ակտիվները սառեցնելու ախորժակի պակաս, քանի որ ԵՄ անդամները (ներառյալ` Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան) չեն ցանկանում վտանգի ենթարկել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, ինչը նշանակում է, որ ԵՄ-ն կանգնած է «արժեքներն` ընդդեմ շահերի» երկըրնտրանքի առջև:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները բավական խիստ դիրքորոշում է որդեգրել և բացահայտորեն հայտարարել է, որ չի հանդուրժի ռուսական ագրեսիան, ինչը, կարծես թե, արդեն որոշ հաջողություններ է գրանցել: Ի վերջո, եթե աշխարհի միակ գերտերությունը չի կարող Պուտինի դեմն առնել, էլ ո՞վ կարող է: