ՀՀ պաշտպանության նախարարի այցը` Բելգիա
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Նիստերի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:
Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը, որն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև:
ՀՀ պաշտպանության նախարարություն