Հաջորդ անգամ հրապարակում կանգնած քաղաքացին կունենա արդյունքներ, և ոչ թե հետևանքներ. Նիկոլ Փաշինյան

Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թվարկեց 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհվածների անունները՝ նշելով, որ նրանք գնդակահարվեցին մայրաքաղաքի կենտրոնում։ «Ովքե՞ր են մարտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները. սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել։ Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008թ. մարտյան օրերին, իսկ նրանց ուղղորդվող նախաքննությունը եզրակացրել է, որ զոհված ութ ցուցարարները հանցագործություն էին կատարում մահացու վնասվածքներ ստանալու պահին։ Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը։ Սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամանով, հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ՀՀ տասը քաղաքացիների սպանությունները քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում սգի օր հայտարարելու առիթ չհամարել»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ն. Փաշինյանի խոսքով՝ Մարտի մեկը սգի օր չհայտարարել կարող էր անել նա, ով ցավ չի զգում կատարվածի համար, իսկ ցավ չզգալ կարող է միայն մարդասպանը։ Նիկոլ Փաշինյանը կրկնեց, թե խորհրդարանական դահլիճում նստում են մարդիկ, ովքեր կապ ունեն մարտիմեկյան սպանություների կազմակերպման և իրագործման հետ և բացատրեց, որ հենց դա էր պատճառը, որ ինքը երեկ դուրս եկավԱԺ դահլիճից, երբ ՀՀԿ-ական պատգամավորը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: «2008 թվականի մարտի 1-ին ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որն իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ։ Ժողովուրդը, քաղաքացին ընդվզեց Հայաստանում հաստատված ամենաթողության, լկտիության, թալանի դեմ»,-նշեց նա, ապա թվարկեց այն աղմկահարույց միջադեպերը, որոնք իրավական պատիժ այդպես էլ չեն ստացել: Խոսքն «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնազորի կողմից ծեծելով սպանված ջավախահայ Պողոս Պողոսյանի մասին էր, որից հետո, նրա խոսքով, ընդամենը «Կուկու» անունով թիկնապահը ստացավ պայմանական դատավճիռ։ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Օդնակլասնիկի սրճարանում էլ Սերժ Սարգսյանի մերձավոր պատգամավորի կողմից ծեծելով սպանվեց ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբայանը և շեշտեց, որ պատգամավորը մինչև օրս գտնվում է ազատության մեջ, «ձևական դատապարտվեցին» նրա երկու թիկնապահները։ «Ոմանց ակնհայտորեն շարունակվում է թվալ, որ Հայաստանում չեն գտնվի մարդիկ, ովքեր կբարձրացնեն լկտիության, ամենաթողության, ցինիզմի նետած ձեռնոցը։ Պարոնայք իշխանավորներ, դուք սխալվում եք ձեր հաշվարկներում, Հայաստանի հանրությունը գուցե համբերատար է, բայց անինքնասեր չէ։ Չարժե անվերջ զբաղվել հանրության համբերությունը չափելով»,- ասաց նա:

Ն. Փաշինյանը նշեց, թե Մարտի մեկի կրկնություն թույլ չտալու համար անհրաժեշտ է հետևություններ անել, բացահայտել սպանություները, իսկ սպանությունների կազմակերպիչներին ենթարկել օրենսդրորեն սահմանված պատասխանատվության։ «Սա մի հարց է, որ չի կարելի դնել քննարկման և սակարկության, և Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ մենք հանգիստ աշխատանքային պայամաններում վերադառնանք այս օրակարգին»,-նշեց նա: ՀԱԿ պատգամավորը ասաց, թե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Մարտի 1-ի դասեր քաղելու համար և նշեց մի քանի հատկանշնական օրինակներ։ «Օրինակ Երևանի ՀՊՏՀ-ի և Ագրարային համալասարանի ուսանողակն բանդայի ներկայացուցիչները պետք է պատժվեն, ռեկտորը պաշտոանանկ արվի, Հրայր Թովասյանը ներողություն խնդրի ԱԺ պատգամավոների մեկ երրորդի հասցեին թույլ տված արտահայտության համար, պետք է ՀՀ քաղաքացիներից տարեկան 9 մլրդ դրամ կեղեքող արագաչափեր տեսախցիկները պետք է հանվեն, որոշումները, որոնց 80% չպետք է կյանքի կոչվեն։ Կկատարի այս և մյուս քայլերն իշխանությունը, կհամարենք, որ սկսում է դասեր քաղել 2008թ-ի մարտի 1-ից, եթե ոչ, ապա այդ հարցերը կլուծեն մարտի մեկի հրապարակում, և հաջորդ անգամ հրապարակում կանգնած քաղաքացին կունենա արդյունքներ, և ոչ թե հետևանքներ»,-եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս