Բաժիններ՝

Էլինար Վարդանյան. Ինչո՞ւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե երկրում մշակույթը գտնվում է անմխիթար վիճակում, ինչը կապված է պետական բյուջեի սղության հետ: Դիմելով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին չեն թույլատրում մշակութային ծրագրեր իրականացնել:

Նա նշեց, թե ծրագրերի իրականացման ժամանակ հիմնադրամն ամեն քայլի հանդիպում է խոչընդոտների. «Տարբեր համերգասրահների, դահլիճների տնօրենները չեն տրամադրում սրահներ ու դահլիճներ, խոչըդնոտում են հովանավորյալի վերաբերյալ նշումով պաստառների փակցնելուն»:

Է. Վարդանյանի խոսքով՝ որպես բացատրություն, համերգասրաների աշխատակիցները նշում են, որ Մշակույթի նախարարն արգելում է պաստառների վրա տարբերանշանների արծարծումը:

Ի պատասխան Հ. Պողոսյանն ասաց. «Որպես մշակույթի նախարար՝ առանձնակի չեմ նկատել, որ պետության կողքին մշակույթին աջակցման առումով ինչ-որ կառույցներ հստակ կանգնած են: Եթե մենք խոսում ենք քաղաքական միջոցառումների մասին, դա մի խնդիր է, եթե խոսում ենք պետական մշակութային քաղաքականությանն աջակցելու մասին, ես կարձագանքեի, եթե որևէ փաթեթ երբևէ մեզ հանձնված կամ ներկայացված նմանատիպ օրինակ ունենայինք»:

Նրա խոսքով՝ ինքը չի հիշում, որ նմանատիպ որևէ բան եղած լիներ: Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, ապա այդ ծրագրերը դրված են դահլիճների ղեկավարների վրա: Նա նաև ասաց, որ, եթե, օրինակ, որևէ մշակութային օջախում ուզում են սպորտային միջոցառում անել, հնարավոր է, որ այդ դեպքում մերժեն:

Նախարարն ընդգծեց, որ այսօր բացառությամբ մի քանի հովանավորների, մշակույթը գտնվում է միայն պետական աջակցության ներքո:

Էլինար Վարդանյանն էլ արձագանքեց, որ խնդիրն այն է, որ այդ դեպքերի վերաբերյալ բազմիցս բարձրաձայնվել է լրատվամիջոցներով և իրենք լավ գիտեն՝ որտեղ ինչ միջոցառում անել, խոսքը սպորտային միջոցառումների մասին չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս