
Ստեփան Դեմիրճյան. Ոչ մի մարդասպան դեռ դատարանի առաջ չի կանգնել, իրական հանցագործները մնացել են անպատիժ

2008 թվականի Մարտի 1-ին Երևան քաղաքի կենտրոնում կատարված տասը սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, առայսօր սպանվածների իրավահաջորդները, տուժածները որևէ փոխհատուցում չեն ստացել: Այս մասին ԱԺ-ում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն ամեն ինչ արել են գործը կոծկելու համար:
Ըստ նրա՝ վարչախումբը, հետաքննությունն ապահովելու փոխարեն ամեն ինչ բարդեց ընդդիմության վրա, հարուցվեցին շինծու գործեր: «Ոչ մի մարդասպան դեռ դատարանի առաջ չի կանգնել, իրական հանցագործները մնացել են անպատիժ, սակայն սա չի նշանակում, որ իմաստ չունի ստեղծել նոր հանձնաժողով, որովհետև այն կարող է օժանդակել առնվազն երեք-չորս սպանության բացահայտման, իսկ դա կարող է լինել այն ժամանակ, երբ պատասխանատու անձինք կանգնեն դատարանի առաջ:
Պետք է վերջ տալ անպատժելիությանը, եթե ժամանակին պատժվեին ապրիլի 12-ին ՀԱԿ ցուցարարների նկատմամբ բռնություն իրականացրած անձինք, ապա չէր լինի նաև մարտի մեկը»,- ասաց Ս. Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանում իշխանությունը չի ձևավորվում ժողովրդավարական ընտրությունների միջոցով, ժողովուրդը թանկ գին է վճարում: Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող նոր ստեղծվելիք հանձնաժողովն, ըստ Ս. Դեմիրճյանի, տարբերվելու է նախորդից: