Լ. Զուրաբյան. ՀՀԿ-ականները խելքի են եկել և վերջապես որոշել են մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Գործող իշխանությունը առաջին անգամ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեց 2008 թվականի Մարտի մեկի զոհերի հիշատակը: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի կողմից հնչեցված՝ Մարտի մեկի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու մասին առաջարկին:

Երեկ, երբ Լևոն Զուրաբյանը առաջարկեց հարգել Ուկրաինայում իշխանությունների կողմից մահաբեր զենքի կիրառման արդյունքում մահացած զոհերի հիշատակը, Մարգարիտ Եսայանը ասել էր, թե այդ առաջարկն արվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Մարգարիտ Եսայանի այսօրվա առաջարկը պատասխա՞ն էր իր կողմից հնչեցված երեկվա առաջարկին: Զուրաբյանն ասաց. «Չգիտեմ՝ սա ինչ էր, բայց կարող եմ երկու հանգամանք արձանագրել: Նախ, ես շատ ողջունելի եմ համարում, դրական, որ ՀՀԿ-ականները խելքի են եկել այս հարցում և վերջապես որոշել են մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի մեկի զոհերի հիշատակը: Նրանք դա անում են առաջին անգամ իրենց կյանքում, ինչը նշանակում է, որ մեծ առաջադիմություն կա: Վեց տարի է անցել հանցագործությունից հետո և նրանք առաջին անգամ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը: Այս քայլը լրջորեն ողջունում եմ, դրական եմ գնահատում»:

Միաժամանակ նա նշեց. «Սա ևս մեկ անգամ վերահաստատեց իմ տված դիագնոզը անձի երկվության մասին: Նման առաջարկ անելուց մի քանի վայրկյան հետո առաջարկի հեղինակը անարգեց Մարտի մեկի զոհերի հիշատակը՝ ասելով, թե չի պատրաստվում պաշտպանել հանձնաժողովի գաղափարը, որը հենց ոււղղված էր սպանութունների բացահայտմանը: Այլ կերպ, քան անձի երկվություն, սա համարել հնարավոր չէ: Բայց տվյալ դեպքում ողջունելի է, որ այդ անձի մի մասը գոնե մի ճանապարհի վրա էր»:

Տեսանյութեր

Լրահոս