Լրագրողին սպառնացել և ներկայացել է «Հ1»-ի կադրերի բաժնի պետ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այս բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։ Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը փակել։ Ու այստեղ սկսվել է կինոն։ Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գևորգյան»։ «Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում և նման անունով մարդ գոյություն չունի։
Եվ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել և մոտ 40 րոպե չանհանգստացնել։ Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ «վայենկոմատից» են։ Ստացվում է ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից և ուսանողներից ցանկացածի հետ «օպերացիա» իրականացնել։
Թե իրականում ովքեր են այս մարդիկ և ինչ էին ցանկանում «Հժ»-ի լրագրողից, պարզ է դառնում նրանց խոսակցության մանրամասներից, տված հարցերից, առաջարկներից, որոնց հետևում ցցված են Ֆելիքս Էդմոնդովիչի երկար ականջները։ Ակնհայտ է, որ Հայամտանի ԱԱԾն պազապես փորձել է հավաքագրել մեր թղթակցին։ Եթե այդպես չէ՝ սա թող համարեն հաղորդում հանցագործւթյան մասին և պարզեն, թե այդ ովքեր էին, որ սպառնում էին լրագրողին»- գրում է «ՀԺ»-ն։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։